Զինակոչիկները մի շարք հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։
«Խոսքը ոչ ակներև հիվանդությունների մասին է. օրենքով սահմանված հիվանդությունների տեսակներ կան, որոնց դեպքում տարկետումը կլինի 1 կամ 3 տարով։ Ցավոք, հանրության մեջ չկա այդ շահագրգռվածությունը` բժշկական միջամտություն անելով առողջությունը վերականգնել։ Արդյունքում, մինչ օրս նման անձինք կարողացել են մեկ տարվա տարկետումը էլի ու էլի երկարաձգել։ Այս կարգը դարձել էր պարտադիր զինծառայությունից խուսափելու մի սողանցք»,– հայտարարեց նախարարը։
Առանձին փոփոխություն է նախատեսվում լեղապարկի հիվանդություն ունեցող սպաների համար։
«Առաջարկում ենք այս հիվանդության դեպքում նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռել։ Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և իրենց բնականոն ծառայությունը շարունակելու»,- եզրափակեց Պապիկյանը։