Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 28-ը դեկտեմբերի․ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ն հայտարարում է կասեցված, սպանվում է Տիգրան Նաղդալյանը (տեսանյութ)

1994-ի դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղն ընտրում է իր առաջին նախագահին։ Ընտրությունն իրականացնում է խորհրդարանը։ Գրեթե առանց այլընտրանքի, Ղարաբաղի նախագահ է դառնում Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ 40-ամյա անկուսակցական Ռոբերտ Քոչարյանը։ Նա պետք է աշխատի 2 տարի, որից հետո հաջորդ նախագահը պետք է ընտրվի արդեն համաժողովրդական քվեարկությամբ։ Ռոբերտ Քոչարյանին առաջինը շնորհավորում է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

1994-ի դեկտեմբերի 28-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռուստատեսային ելույթով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարում է կասեցված: Պատճառն, ըստ նրա, այն է, որ անվտանգության մարմինները հայտնաբերել են «Դրո» ահաբեկչական կառույցը, որն արդեն իրականացրել է մի քանի սպանություն: Կառույցին վերագրվում էր նաեւ թմրանյութերի վաճառք: Այդ կառույցին վերագրվեց նաեւ Համբարձում Գալստյանի սպանությունը:

1998-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին: Այս նիստում նախարար Վազգեն Սարգսյանն ասում է, որ 1999-ին շեշտը դրվելու է զինվոր-հրամանատար փոխհարաբերությունների վրա:

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նույն օրը կուսակցության համագումարում արձանագրում է, որ մշակութային այս գործիչներին այսօր էլ իրենց կողմն են փորձում գրավել եւ ազատականները եւ ազգայնականները: Նրանց իրենց դաշտ բերելու իշխանությունների հիմնական զենքը տիտղոսներ շնորհելն է:

Ազգային Ժողովի ճաշարանում խորհրդարանի ղեկավարը 2000-ի դեկտեմբերի 28-ին ընդունել եւ շնորհավորում էր լրագրողներին։ Ճաշարանում լիակատար փոխըմբռնում է։ Բոլորին Արմեն Խաչատրյանը մաղթում է բարություն եւ հոգեկան հանգիստ, որը փողից ու պաշտոնից կարեւոր է։ Ինքը, պետք է հիշել,-նիստերին հումորներ էր անում, միշտ էլ ջերմությամբ է վերաբերվել պատգամավորներին՝ մականունավոր կամ՝ առանց: Ինքը՝ Ծաղիկ Ռուբոն, նույն ինքը՝ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, նույն օրը խոսում էր զոհված ազատամարտիկների հարազատների հանդեպ պետական անտարբերությունից։ Դավիթաշենում այս մարդը նվերներ է բաժանում զոհվածների երեխաներին, կազմակերպում տոնական ճաշ երեք հազար դրամ թոշակ ստացող ծերերի համար:

Նույն օրը վաղ առավոտյան հրդեհ է բռնկվում օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքի տանիքում ։ Հրդեհից առաջ տանիքում իրականացվում էին թիթեղապատման աշխատանքներ, հավանաբար մինուս 7 աստիճանի պայմաններում, ըստ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի, տաքանալու համար բանվորները կրակ են վառել։ Հրդեհից երեք ժամ հետո այստեղ է գալիս վարչապետը ոստիկանապետի եւ քաղաքապետի հետ։

2001-ի այս օրը Հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացնում է իր հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։ Պատգամավորները հույս ունեն, որ կանոնակարգը հեռուստաընկերությունների անկախությունը չի սահմանափակի:

2002-ի այս օրը Երեւանում սպանվում է Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Անհայտ մարդասպանը 36-ամյա լրագրողի վրա ատրճանակից կրակ է բացել Զաքյան փողոցում այն պահին, երբ նա դուրս է եկել իր ծնողների տնից: Նաղդալյանը տեղափոխվում է հիվանդանոց, ուր վիրահատության ժամանակ մահանում է:

2006-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքը: Օրենքում ամրագրված է, որ ներկա հիմնը՝ «Մեր Հայրենիք»-ը, ուժի մեջ է «մինչեւ Հայաստանի նոր օրհներգի տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը»:

2012-ի այս օրը Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ-ը հայտարարում է, որ հաջորդ տարվա նախագահի ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Դա կուսակցության հոծ բանակի եւ համակիրների ցանկությունն է: