Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

այաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեցին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման շրջանակներում։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի և ԱՄՆ հարաբերություններում նշանակալի հանգրվան է:

«Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում...»,–ասաց Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ այս կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին:

«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում»,– նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։

«Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում»,–հավելեց նա:

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ պետքարտուղարին և իր թիմին` երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: 

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները 2024 թվականին նշանավորվել էին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի էր ունեցել ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացել էր ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը և ուրվագծվել էր հարաբերությունների խորացման տեսլականը՝ միտված երկկողմ երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն: