Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում այլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել էր, որ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի իրադրությանը՝ շեշտը դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով,-այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ Մոսկվայի գործողություններում։
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով կարգավորմանն այն եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին երեք երկրների ղեկավարների կողմից»,- ասել է Լավրովը։
ՌԴ նախարարի խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ այդ պայմանավորվածությունները մնում են արդիական՝ հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո։
Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը։
«Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, և հուսով ենք, որ ապագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչին ականատես եղանք վերջին օրերին։ Մենք նպատակ ունենք զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ հիմնված փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա, ինչը, համոզված եմ, բխում է երկու երկրի շահերից։
Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական գրավչության մեծացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության վճռական վերաբերմունքի համատեքստում ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները, ինչը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում»,- հանդիպման բացման խոսքում նշել է Միրզոյանը: