Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները:

Հունվարի 23-ին պատվիրակների մասնակցությամբ կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկում:

Ընդլայնված քննարկման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ելույթը՝ այստեղ:

Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նրա խոսքով պանելային քննարկման թեման համահունչ է ՀՀ-ում, այդ թվում՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Խոսելով ժողովրդավարության մասին՝ նախարարը ներկայացրել է ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերը:

«Ժողովրդավարությունը մեր հասարակության ընտրությունն է, որն անվիճելի եւ անբեկանելի է: Հետեւաբար ժողովրդավարությունը նաեւ պետության ընտրությունն է եւ, ուրեմն, ժողովրդավարությունը մեզ՝ Կառավարության համար, նաեւ գործելաոճ է»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը:

Արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում զեկուցողը նշել է, որ վերջին տարիներին միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ առանձին եվրոպական երկրների աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ հիմնականում չորս ուղղություններով. դրանք են՝

կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական եւ իրավական ոլորտի վերափոխումը եւ քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի զարգացումը:

Նախարարը, կարեւորելով նմանատիպ քննարկումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք կունենան շարունակական բնույթ՝ նպաստելով մեր երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների խորացմանը:

Պանելային քննարկումը համակարգել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: Քննարկումներն ընթացել են ժողովրդավարական զարգացումների ու բարեփոխումների, Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) հետ hամագործակցության շրջանակում:

Քննարկումներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը եւ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդն անդրադարձել են ԵՄ ինտեգրման գործընթացներին, ժողովրդավարական զարգացումների ու եվրոպական շուկա հասանելիության հնարավորություններին, ժողովրդավարության եւ խոսքի ազատության մարտահրավերներին, այս գործընթացներում ապատեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությանը, մենիշխանության հետեւանքներին:

«Հավատում եմ, որ ժողովրդավար հասարակություններն առավել դիմակայուն են ու ուժեղ այն պատճառով, որ մարդիկ զգում են՝ իրենք են տերն իրենց հասարակության»,- նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակը:

«Ժողովրդավարությունն ավելի լավ հասարակություն ունենալու հնարավորություն է տալիս: Մեզ համար ժողովրդավարությունը նաեւ կարեւոր է, որովհետեւ հայ ժողովուրդը տեւական ժամանակ զրկված է եկել ժողովրդավարությունից, եւ այժմ պաշտպանել ժողովրդավարությունը մեզ համար նշանակում է ամուր ինստիտուտներ հիմնել ու կայացնել»,- արձանագրել է Սոնա Ղազարյանն ու այս համատեքստում քննարկվել է ժողովրդավարական հաստատությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժողովրդավարությանն անդրադարձել է անվտանգային տեսանկյունից՝ նշելով, որ Հայաստանի համար մեծագույն անվտանգային համակարգ է լինել ժողովրդավար պետություն:

«Եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավար պետության վրա: Եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավարական արժեքների վրա»,- համոզմունք է հայտնել Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համագործակցության համար: Ալեն Սիմոնյանի խոսքով այս այցն անվտանգության նոր մակարդակ կբերի մեր երկրի համար:

Գործընկերներից կարծիք է հնչել, որ ժողովրդավարությունը գործիք է, որն օգնում է անվտանգության ամրապնդմանը:

Անդրադարձ է եղել Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը: Այս համատեքստում Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Արեւելյան գործընկերությունը միջոց է՝ նպաստելու, որ ԵՄ եւ ԵՄ հարեւան երկրները կարողանան բարելավել կյանքի որակը, երկրի բարեկեցությունը, օգնել պաշտպանելու ժողովրդավարությունը եւ հարթելու ճանապարհ ԵՄ անդամակցություն:

Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահն էլ ազատ ընտրությունների անցկացման գործընթացում առանձնացրել է սոցիալական ցանցերի դերակատարությանը: «Պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը եւ կարողանանք այն այնպես զարգացնել, որ իրական դիմակայունության լինի»,- նշել է նա:

Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակի կարծիքով էլ ապատեղեկատվության դեմ պայքարում անհրաժեշտ է ունենալ դիմակայուն հասարակություն: Խոսքի ազատությունը քննադատելն է եւ բաց լինելը քննադատության համար: Ըստ նրա՝ պետք չէ գնալ զիջումների, երբ խոսքը խոսքի ազատության մասին է:

Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակն էլ անդրադարձել է սոցիալական ցանցերում խոսքի ազատությանը, կեղծ լուրերից հասարակությանը պաշտպանելու կարեւորությանը: Հավատացած եմ, որ սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին:

Մինչ պանելային քննարկման երկրորդ մասը ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ տեսահոլովակ, որից հետո հարցուպատասխանի ձեւաչափում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ծավալվել «Հարավային Կովկասի խաղաղության օրակարգ, անվտանգային մարտահրավերներ, համագործակցություն Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձեւաչափի հետ» թեմայի շրջանակում:

Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր հնարավորություններ՝ խորացնելու Nordic-Baltic երկրների հետ համագործակցությունը:

Խոսելով ժողովրդավարությունից եւ խաղաղության ձգտումից՝ նախարարը փաստել է, որ դատելով ընտրությունների արդյունքից՝ ՀՀ քաղաքացիները մեծամասամբ ընտրել են ժողովրդավարությունն ու խաղաղությունը:

«Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ դուք ունեք գործընկեր, որը խորապես հավատում է ժողովրդավարությանն ու խաղաղությանը եւ չի դադարելու անել ամեն ինչ ու բոլոր հնարավոր քայլերը՝ Հարավային Կովկասում խաղաղ ու ժողովրդավար հանգրվան ունենալու համար»,- ընդգծել է նախարարը:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին:

Պանելային քննարկման ավարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսը: ԱԺ նախագահի գնահատմամբ նման բարձր մակարդակով այցը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկսելու ՀՀ-ի նախաձեռնած գործընթացի վրա: Նշվել է, որ խորհրդարանական մակարդակում համագործակցության խորացման, ինչպես նաեւ մի շարք բնագավառներում փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Գործընկեր պատվիրակները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բոլոր հնարավոր ուղղություններով ավելի խոր համագործակցությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Բարձր է գնահատվել նաեւ ժողովրդավարական բարեփոխումներում Հայաստանի ձեռքբերումները: