Հայաստանի ու Ադրբեջանի դիմումի դեպքում եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր աշխատանքը. Օվերչուկ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը պատրաստ է վերականգնել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է գոյություն ունենալ, սակայն ներկայումս գտնվում է «քնած» վիճակում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան դիմումի դեպքում Ռուսաստանը պատրաստ է վերսկսել աշխատանքային խմբի գործունեությունը։
Օվերչուկի խոսքով՝ փոխվարչապետների մակարդակով ձևավորված այս ձևաչափը չի փակվել, և Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատանքը, եթե այդպիսի ցանկություն հայտնեն գործընկեր երկրները։ «Եթե գործընկերները կապվեն մեզ հետ, և մենք կարողանանք ինչ-որ կերպ օգտակար լինել, ապա, իհարկե, ուրախ կլինենք շարունակել այս աշխատանքը»,- նշել է նա։
Եռակողմ աշխատանքային խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, զբաղվում էր տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով։ Թեև այս ձևաչափով նախկինում մի շարք հանդիպումներ անցկացվել են, վերջին շրջանում աշխատանքները դադարեցված են։
Օվերչուկը նաև կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների պահպանումը՝ ընդգծելով, որ նման բանակցությունները կարող են նպաստել տարածաշրջանային խնդիրների լուծմանը։