Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵՄ անդամակցության գործընթացը մեկնարկում է. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությանը (տեսանյութ)

Մարտի 24-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը։

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նախաձեռնության նախաբանը վերախմբագրվել է Կառավարության առաջարկության հիման վրա։ Նոր տարբերակը հստակեցնում է Հայաստանի նպատակներն ու առաջնահերթությունները՝ նշելով.

«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը՝ հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

Ըստ Զեյնալյանի՝ այս ձևակերպման շուրջ տեղի է ունեցել արդյունավետ աշխատանքային քննարկում՝ հանձնաժողովի անդամների, Կառավարության ներկայացուցիչների և նախաձեռնող խմբի մասնակցությամբ։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը լրամշակված տարբերակի վերաբերյալ։ Նիստի ընթացքում Զեյնալյանն ու Հովհաննիսյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ։

Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն քաղաքացիական նախաձեռնությանը։ Այն նախատեսվում է ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում։