
Բաքուն Գերմանիայի դեսպանին կանչել է ԱԳՆ․ պատճառը Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի լուսանկարի հրապարակումն է
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում «խիստ բողոք է արտահայտվել» Հայաստան այցի ընթացքում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-ի պաշտոնական էջում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ՝ Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում հաստատված, այսպես կոչված, ռեժիմի «դրոշը» տեղադրելու կապակցությամբ»։
Խոսքը Արցախի դրոշի լուսանկարի հրապարակման մասին է։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ այս «բացահայտ քաղաքական սադրանքն անընդունելի է, և գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի այս հրապարակման համար»։ Ընդգծվել է, թե Գերմանիայի նախագահի այդ հրապարակումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և ընթացող խաղաղության գործընթացին աջակցելու հայտարարություններին։ Ըստ պաշտոնական Բաքվի` Գերմանիայի նախագահն իբր անտեսել է, «բռնի տեղահանված ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներին»։
Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի նախագաhը սոցցանցում Արցախի դրոշով հրապարակում էր արել, ապա հեռացրել այն։