ՀՀ-ում կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը: Ըստ այդմ՝ կարգավորվում են 2024թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։
Որոշմամբ սահմանվել են պետական աջակցության տրամադրման մի շարք կարգեր: Մասնավորապես՝ աշխատանքային միգրանտների համար պետական աջակցություն՝ եկամտային հարկի 60%-ի չափով։ Միգրանտ է համարվում քաղաքացիություն չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող աշխատողը, որը մինչև 2022թ. մարտի 1-ը չի աշխատել ՀՀ-ում, աշխատանքի վարձատրության մասով եկամտային հարկ չի վճարել (ՀՀ քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին միգրանտ չէ): Նախատեսվել է նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցություն՝ եկամտային հարկի 60%-ի չափով։ Նոր աշխատող է համարվում նախկինում բարձր տեխնոլոգիաների ոլորտում չաշխատած անձը: Այս դեպքում նոր աշխատողի կարգավիճակը վարձու աշխատողը պահպանում է աշխատանքի անցնելու պահից սկսած երեք օրացուցային տարիների համար՝ անկախ գործատուի փոփոխությունից։ Կադրերի պատրաստման և վերապատրաստման համար՝ եկամտային հարկի 50 %-ի չափով։ Վերապատրաստված է համարվում միջազգային ճանաչում ունեցող հարթակներից հավաստագիր ստացած աշխատողը: Վերապատրաստման հետ կապված հիմնավորումները կուսումնասիրվեն և կընդունվեն ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանով հաստատված կարգով:
Վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցություն՝ եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն (ուժի մեջ կմտնի՝ 2026թ. հունվարի 1-ից)։
Որոշմամբ սահմանված կարգերը նախատեսում են նաև պետական աջակցության տրամադրման բողոքարկման և այլ հարաբերություններ: Աջակցությունը տրամադրվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմի համար: Աջակցության գումարը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների եկամտային հարկի 50 %-ը:
Որոշմամբ սահմանված է, որ աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում, դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար և այդ ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվի: Աջակցության տրամադրման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ հարթակի միջոցով: Որոշմամբ նախատեսված է նաև աջակցության դիմումի բողոքարկման մեխանիզմ, ընդ որում՝ աջակցության գումարի ճշգրտման դեպքում կկատարվեն վերահաշվարկներ: Աջակցության համար կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնց ԱԱՀ-ի և(կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90%-ը պետական աջակցության հաշվետու ժամանակաշրջանում ձևավորվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից և որոնք հայցվող ժամանակաշրջանում փոփոխություններ կատարած չեն լինի իրենց տնտեսական գործունեության տեսակներում, բացառությամբ աջակցության ենթակա գործունեության տեսակների միջև փոփոխությունների:
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել աջակցության մանրամասների վերաբերյալ պատշաճ իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը. «Շատ կարևոր է, որպեսզի ոլորտը բոլոր նրբությունները հասկանա և ճիշտ արձագանքի»:
ՀՀ - ում կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Գործադիրն ընդունել է ««Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Նման հիմնադրամի հիմնումը նախատեսում է Հիմնադրամում հավաքագրված դրամական միջոցների հաշվին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ, որը միտված է հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական), մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումների և հաղորդաշարեր) ստեղծելուն, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող տեսալսողական ծրագրերում հանրօգուտ բովանդակության չափաբաժինը մեծացնելուն: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում դեռևս ձևավորված չէ տեսալսողական ծառայությունների մատուցման և սպառման այնպիսի համակարգ, որտեղ հեռարձակողներին կարելի է բնութագրել որպես բազմակարծիք, բազմազան և հանրային
շահը սպասարկող։ Ըստ այդմ՝ որոշման ընդունումը պայմանավորված է հանրօգուտ մեդիամիջավայրի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով, ինչի համար առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը:
Արդյունքում՝ հիմնադրամը կնպաստի հանրօգուտ հաղորդումներ մատուցելու եղանակով սոցիալական տարբեր հասակային խմբերի (երեխաների, թոշակառուների, աշխատողների) բազմազանության զարգացմանը: Ինչպես նաև կնպաստի մանկական, մշակութային, գիտակրթական, իրավական գիտելիքների բարձրացման, բացասական երևույթների դեմ պայքարող հաղորդումների ու հաղորդաշարերի պատրաստմանն ու հեռարձակմանը, նաև օտարերկրյա հանրօգուտ հաղորդումների, հաղորդաշարերի, սերիալների, վավերագրական ֆիլմերի գնմանը, թարգմանությանն ու հեռարձակմանը։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն առաջարկել է հիմնադրամի կանոնադրությունում կատարել լրացում. «Պետք է պարզել՝ սա հեռուստաընկերությունների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների: Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, քեզ՝ այսքան, քեզ՝ այսքան: Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին: Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում: Այստեղ է խնդիրը: Սա կանոնադրության մեջ պետք է ամրագրվի: Այսօր հազարավոր մարդիկ եթերի որակից են բողոքում: Սա նշանակում է, որ արդյունքում, առնվազն, այդ բողոքները պետք է նվազեն»:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Հրաչյա Զաքոյանի ընտրության արդյունքները: Մարտի 19-ին տեղի է ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (19 կողմ, 0 դեմ ) տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
Հրաչյա Զաքոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Աշխատանքը ստանձնել եմ՝ պատկերացնելով դրա և՛ բարդությունը, և՛ պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, տեսնելով պետական կառավարման մարմինների շարունակական աջակցելու պատրաստակամությունը, համաձայնվել եմ ստանձնել այս պարտավորությունը՝ նաև նկատի ունենալով մի շատ կարևոր հանգամանք, որ Ագրարային համալսարանը ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում: Իսկ վերջին տարիներին ագրոպարենային ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ Կառավարությունը բազմաթիվ պետական օժանդակության ծրագրեր է իրականացնում: Եվ առանց պատշաճ մասնագիտական ապահովման, առանց որակյալ մասնագետների դժվար է պատկերացնել այդ ծրագրերի լիարժեք արդյունավետությունը: Հենց այդ նույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի
պաշտոնը՝ միևնույն ժամանակ տեսնելով բուհի վերափոխման, արդիականացման և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նույնպես Կառավարությունը բազմաթիվ նախաձեռնություններ է հանդես բերել: Պատրաստ ենք մեր օժանդակությունը բերել այդ նախաձեռնությունները բարեհաջող ավարտին հասցնելու գործին»:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է՝ Կառավարության ծրագրերի և դրանց շահառուների հաղորդակցության հարցում էական դեր ունեն մասնագետները. «Մենք տարբեր ձևաչափերով շատ ենք քննարկել այդ հարցը, որ ծրագրերն ընդունում ենք, հետո գնում տեսնում ենք գյուղում այդ ծրագրերն արտահայտված չեն: Դրա պատճառներից մեկը հենց այդ կապող օղակի, մասնագետի պակասն է, որ վերցնի Կառավարության հնարավորությունը, մատուցի և իրացնի ֆերմերային տնտեսությունների շրջանում»:
Վարչապետի դիտարկմամբ գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պահանջարկը տարեցտարի ավելանում է. «Պետք է աշխատենք, որպեսզի կրթությունը մաքսիմալ մոտեցնենք իրական աշխատանքին՝ ֆերմերային տնտեսություններին, այգեգործությանը, բուսաբուծությանը և գյուղատնտեսության հնարավոր ոլորտներին: Աշխատանքի շատ մեծ դաշտ և հնարավորություն կա: Մի բան ակնհայտ է, որ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պահանջարկը, այդ թվում՝ Հայաստանում, ոչ միայն չի նվազելու, այլև աճելու է»:
Օրենսդրական նախաձեռնություններ. կբարձրանա հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների թափանցիկության և հրապարակայնության մակարդակը
Կառավարությունը հավանություն է տվել «Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ինչպես օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող հանրային կազմակերպությունների շրջանակի ընդլայնմամբ, այնպես էլ վերջիններիս կողմից կատարվող գնումների նկատմամբ առավել հրապարակային և թափանցիկ պայմաններ սահմանելու անհրաժեշտությամբ, այդ թվում՝ վերջիններիս կողմից կատարվող գնումների նկատմամբ ևս պարտադիր դարձնելով հանրային հսկողության մեխանիզմի կիրառումը: Նախագծով նախատեսվում է սահմանել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունները գնումներ կարող են կատարել իրենց ազդեցության տակ գտնվող ընկերություններից, պայմանով, որ վերջիններս ևս իրենց կարիքների համար կատարվող գնումները կկատարեն «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներով: Նման ընկերությունների ցանկը կհաստատի ՀԾԿՀ-ն՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության դիմումի հիման վրա: Ընկերությունները կունենան իրենց գնումների կատարման կարգերը, որոնք չպետք է հակասեն նշված օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին: Առաջարկվում է նաև, որ հանրային կազմակերպությունների և վերջիններիս ազդեցության տակ գտնվող ընկերությունների կողմից կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ պարտադիր դարձնել հանրային հսկողության մեխանիզմների կիրառումը: Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների թափանցիկության և հրապարակայնության մակարդակը:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսում է ստեղծել իրավական հիմք որի միջոցով՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հանդիսանում հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով ջրամատակարարումն ապահովելու համար և երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համադրել համայնքների կենսապահովման կարիքները և պարենային անվտանգությունը շրջակա միջավայրի պահպանության հիմնական նպատակների հետ՝ ստեղծելով հավասարակշռված և պատասխանատու լուծում։ Կարգավորման արդյունքում համայնքները կկարողանան օրինական հիմքով ստանալ անհրաժեշտ ջրային ռեսուրսներ, իսկ արգելոցների տարածքից ջրառի իրականացման գործընթացը կդառնա առավել վերահսկելի։ Միևնույն ժամանակ, կսահմանվեն խիստ պահանջներ և վերահսկողական մեխանիզմներ՝ ջրառի ծավալների և ժամկետների սահմանման առումով, ինչը կնպաստի արգելոցների կայուն կառավարմանը։
Հավանություն է տրվել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ հաստատված ԵՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016-ից մինչեւ 2025 թ. ընկած ժամանակահատվածի համար ծրագրի կատարման ապահովմամբ։ Ծրագիրը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրման փուլային ազատականացմանն ուղղված գործընթաց։ Մասնավորապես՝ սահմանվում է, որ ԵՏՄ անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ։ Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից։ Կաբոտաժային փոխադրումների ազատականացման արդյունքում կստեղծվեն պայմաններ ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայում մրցակցության զարգացման և բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների արդիականացման համար։ Կաբոտաժային փոխադրումների ազատականացումը Միության շրջանակներում բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների տրամադրման միասնական պայմանների ու կանոնների սահմանումն է։
Հավանություն է տրվել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ նախատեսվում է լրացնել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա ընթացքի մեջ դնել «Պետական
փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը» նախագծի, կանոնարկման նպատակով ձևավորված հանձնաժողովի կազմի ու աշխատակարգի ընդունումը և լիարժեք դարձնել լեզվի ստանդարտացման գործընթացը ՀՀ պետական ու հանրային կյանքում։
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվում է՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելիս հիմք ընդունել որոշմամբ սահմանված ուղեգիրը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Միաժամանակ պահպանվում է որոշմամբ սահմանված ընթացակարգը՝ միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրելու մասով: Առաջարկվում է նաև փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը վերանայել՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ, հաշվի առնելով այս շուկայում նախորդ 3 տարիների ընթացքում առաջացած գնաճը:
Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում։ Գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն՝ տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։ Միաժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի, նրա աշխատանքային
ռեժիմի և իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ներմուծված ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է ապրանքների տարաների, փաթեթվածքների վրա համապատասխան հայերեն մակնշումը փակցնելու միջոցով, որը արտադրողից (ներմուծողից) պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, արդյունքում ազդելով նաև ապրանքի ինքնարժեքի վրա։ Առաջարկվող փոփոխությունը տնտեսվարող սուբյեկտներին կտա հնարավորություն՝ ՀՀ ներմուծվող հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը՝ ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը, սպառողին ներկայացնելու նույնականացման (հսկիչ) նշանների միջոցով։ Որոշմամբ բացառություն է կազմում միայն ծխախոտային արտադրանքը, քանի որ դրա մասով ՀՀ-ում գործում է համապատասխան տեխնիկական կանոնակարգ։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը մի կողմից կնպաստի սպառողների կողմից հատուկ բջջային հավելվածի միջոցով ապրանքների վերաբերյալ առավել ամբողջական, կարդալու համար ավելի հարմար և ընթեռնելի տեղեկատվության ստացմանը, մյուս կողմից՝ հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին առավել քիչ ռեսուրսների օգտագործմամբ ապահովել ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը, ինչն էլ կնպաստի ապրանքի ինքնարժեքի նվազմանը։
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզային նշանակության 13.2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ճանապարհների հիմնանորոգման համար կնքված յուրաքանչյուր պայմանագրերի աշխատանքների իրականացման համար մնացած 80 % չափով Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 1,922,407.4 հազար դրամ: Մասնավորապես՝ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման համար կհատկացվի 503,577.6 հազար դրամ, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգման համար 397,318.4 հազար դրամ, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման համար 630,792.8 հազար դրամ, Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար 390,718.6 հազար դրամ:
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է
միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. փետրվարի 1-ից: Որոշմամբ՝ աջակցության վճարման ժամկետը կերկարացվի երկու ամսով:
Արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնը կվերազինվի անհրաժեշտ սարքավորումներով
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 837,000 հազար դրամ հատկացնել Արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնը անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու համար: Արդյունքում՝ կապահովվի գերհամակարգչի բնականոն աշխատանքը: Հիմնավորման համաձայն՝ արհեստական բանականության ոլորտում ավելի մրցունակ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ձեռք է բերվել գերհամակարգիչ, որի տեղակայումը նախատեսված է ԵՊՀ-ում հատկացված տարածքում:
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ
Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, նախատեսված է նաև Գորիսի պետական քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների հետագա ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
Կառավարությունն ընդունել է նաև «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Լոռու մարզպետի աշխատակազմին ամրացված Մանկական արվեստի դպրոցի շենքը նվիրաբերել Ալավերդի համայնքին՝ Օձուն գյուղում արտադպրոցական կրթության կազմակերպումն ապահովելու նպատակով շենքի վերակառուցման, սեյսմազինվածության բարձրացման և տարածքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ալավերդի համայնքը պարտավորվում է ընթացիկ տարում շենքում կատարել վերակառուցման, սեյսմազինվածության բարձրացման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ ներդնելով 80 մլն դրամ։ Արվեստի դպրոցը գործունեություն է ծավալում մանկապարտեզի շենքում, որն ունի թվով 181 սան։ Արվեստի դպրոցի աշխատակիցների թիվը 23 է, իսկ աշակերտների թիվը՝ 158։ Մանկապարտեզի շենքային պայմանները չեն բավարարում արվեստի դպրոցի գործունեության նպատակային կազմակերպմանը։
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից
ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես, համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների: Ընդհանուր առմամբ 2025-2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3118 տեղ, որից 2108-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ըստ հիմնավորման՝ 2024-2025 ուստարվա բուհերի՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2096 տեղերից 1264-ը, իսկ 2025-2026 ուստարվա համար՝ 2108 տեղերից 1273-ը՝ հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին:
Սահմանվել է բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը
Գործադիրը սահմանել է անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դրանց տրամադրելու, տրամադրումը մերժելու և վերջիններիս գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված կարգավորումները։ Մասնավորապես, սահմանվել է, որ ավագ բուժաշխատողները և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անհատական լիցենզիա/անցումային անհատական լիցենզիա ստանալու համար լիցենզավորման հարթակով ներկայացնում են հայտ։ Բացի այդ, կհաստատվեն ավագ բուժաշխատողներին տրամադրվող անհատական լիցենզիաների և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց տրվող անցումային անհատական լիցենզիաների ձևերը։ Ընդ որում, ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թ. հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ մինչև 2026 թ. հունվարի 1-ը։
Կառավարությունը սահմանել է նաև բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը: Արդյունքում՝ նախատեսված արատների կամ հիվանդությունների առկայությունը բուժաշխատողների անհատական լիցենզիայի տրամադրման մերժման կամ դադարեցման հիմք կհանդիսանա։ Որոշմամբ սահմանված է հիվանդությունների դասն ամբողջությամբ, ապա դա նշանակում է, որ այդ դասում ընդգրկված բոլոր հիվանդությունները խոչընդոտ են հանդիսանում բժշկական մասնագիտական գործունեության համար։
Կապահովվի նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունը
Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 6 անձի (2 ընտանիք) նվիրել 3 բնակելի տարածք: Ցանկում ընդգրկվել են Պետգույքի կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Անդրանիկի 2-րդ փողոց, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4/1 շենք (էներգետիկական քոլեջի հանրակացարան) հասցեների բնակելի տարածքները:
Այլ որոշումներ. կպարզեցվեն փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացների փոխկապակցվածության իրավական կարգավորման համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու փոխարեն տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի մարումը կատարել մինչև ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների համար։ Արդյունքում՝ նախատեսվում է պարզեցնել փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց՝ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացները։
Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: