
A
A
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը
Աջակցիր «Ա1+»-ինՋԵՐԱՐԴ ԼԵՈՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ (1925–2013 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և բարերար:
Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Ավարտելով ավագ դպրոցը ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում և Սնթ Ջոնս համալսարանի Իրավագիտության բարձրագույն դպրոցում: Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ:
1950-ական թթ. սկսել է իր երկարամյա մասնագիտական գործունեությունը «Ուեսթ Փաբլիշինգ» հրատարակչությունում և տարիներ հետո ստանձնել ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը: Հասնելով բիզնես հաջողությունների՝ Գաֆէսճեանը զբաղվել է բարեգործությամբ՝ հիմնականում կենտրոնանալով Հայաստանի վրա։ Նա եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։
1996 թ. ստեղծել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը, որի միջոցներով իրագործվել են բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր։ 2009 թ. Երևանի Կասկադ ճարտարապետական համալիրում բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը եզակի հարթակ է՝ հանրությանը ներկայացնելու Գաֆէսճեանի մասնավոր հավաքածուի, արվեստի տարբեր ուղղությունների և հայտնի արվեստագետների բարձրաճաշակ ու յուրօրինակ գործերը: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող համալիրը այսօր դարձել է Երևանի կարևորագույն մշակութային վայրերից մեկը:
Մինեսոտա նահանգում կա մշակութային և պատմական արժեք ներկայացնող կարուսել, որը կրում է Գաֆէսճեանի անունը՝ ի գնահատանք կարուսելի ապամոնտաժումն ու վաճառքը կանխելու նրա ջանքերի։
Դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները:
Դարձերես՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերը և «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):
Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 10 000 դրամ |
Մետաղը/հարգը | ոսկի 9000 |
Քաշը | 8,6 գ |
Տրամագիծը | 22,0 մմ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Թողարկման քանակը | 300 հատ |
Թողարկման տարեթիվը | 2025 |
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ այս հղումով։