Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հնդկական Քաշմիրում զինյալները կրակ են բացել զբոսաշրջիկների վրա. կա 28 զոհ (տեսանյութ)

Առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիրի նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այս մասին հաղորդել է The Hindu պարբերականը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։

Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլլան, սակայն, նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։

Հարձակումը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքում, որտեղ եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Զինյալների  խումբը կրակ է բացել նրանց վրա։ Զբոսաշրջիկները հիմնականում հնդիկներ են։

«Սա վերջին տարիների ամենախոշոր հարձակումն է խաղաղ բնակչության վրա», - գրել է Աբդուլլան X սոցցանցում։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վճռականորեն դատապարտել է ահաբեկչությունը Պահալգամում, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։ Մուսուլման քաշմիրցիների մեծ մասը, ըստ The Associated Press գործակալության, սատարում են ապստամբների նպատակին՝ միավորելու Քաշմիրը կա՛մ որպես անկախ երկիր, կա՛մ Պակիստանի տիրապետության տակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել ահաբեկչության կապակցությամբ և իր լիակատար աջակցությունը հայտնել Նյու Դելիին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որն այցով գտնվում է Հնդկաստանում, տեղի ունեցածն անվանել է «սարսափելի ահաբեկչական հարձակում»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես իր աջակցությունն է հայտնել Հնդկաստանին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած հարձակումն անվանել է «դաժան հանցագործություն, որը ոչ մի արդարացում չի կարող ունենալ»։ 

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին իր զորակցությունն է հայտնել Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին, վիրավորներին և հնդիկ ժողովրդին։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դատապարտելով հարձակումը, շեշտել է, որ «քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անընդունելի են ցանկացած հանգամանքներում»։ 

Հնդկաստանին ցավակցություններ են հայտնել և հարձակումը դատապարտել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի, Իրանի, ԱՄԷ-ի, Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունները։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ՝ նշելով, որ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձևերով։