«ԱՄՆ ճգնաժամն ուռճացված է» (տեսանյութ)
«Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական ճգնաժամի հետ կապված խուճապը ուռճացված է»,- համոզված է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա` դա ոչ այդքան տնտեսական, որքան քաղաքական խնդիր է` կապված դեմոկրատների եւ հանրապետականների մշտական կոնֆլիկտի հետ:
«Խնդիրը հետեւյալն է, որ հանրապետականները բնականաբար դեմ են հարկերի բարձրացմանը, դեմոկրատներն էլ դեմ են սոցիալական ծախսերի կրճատմանը: Հիմա այս կոնֆլիկտի մեջ պետք է հանգուցալուծում գտնվի»,- «Ա1+»-ին ասաց տնտեսագետը եւ ավելացրեց, որ համաձայնությունն արդեն իսկ գտնվել է: «Բարաք Օբաման հայտարարել է, որ մասամբ կրճատվելու են ծախսերը` մոտավոր 400 մլն դոլարով եւ ավելացվելու են հարկերը: Իսկ այս պարագայում պարտքի սպասարկման խնդիրն ինքնաբերաբար կլուծվի»,-ասաց նա:
Միացյալ Նահանգների արտաքին պարտքի հետեւանքով համաշխարհային տնտեսությունում մեծամասշտաբ ցնցումները բացառելով` տնտեսագետը նկատում է, որ որոշ բացասական տեղաշարժեր արդեն իսկ արձանագրվել են ոսկու շուկայում:
«Ոսկին թանկացավ, որովհետեւ ներդրումային նախապատվության ոլորտ հանդիսացավ: Մանր տեղաշարժեր եղան նաեւ ֆոնդային շուկաներում, ընդ որում վերաձեւավորումների տեսքով` Եվրոպա, Միացյալ Նահանգներ, ըստ այդմ էլ` արժույթային շուկաներում` եվրո, դոլար: Բայց փոփոխություններն, իհարկե, էական չեն»,- նկատեց նա:
Հայաստանի տնտեսության վրա ԱՄՆ տնտեսական ճգնաժամի հետեւանքների մասին խոսելը` Բագրատ Ասատրյանն անիմաստ է համարում: «Մեր տնտեսությունն այնքան փոքր է, որ շատ մեծ խոշորացույց է պետք այդ ամերիկյան խնդիրը, եթե անգամ լինի, որ մեզ մոտ նկատվի»: Նույնիսկ եթե տեսականորեն հաշվի առնենք, որ այն բյուջետային օժանդակությունները, որոնք Հայաստանը ստանում է ԱՄՆ-ից, դադարեն, որն, ըստ տնտեսագետի, գրեթե անհնար է, կրկին մեր տնտեսության վրա ոչ մի ազդեցություն չեն թողնի: «Տարեկան օգնության ծավալները ստանում ենք 100 մլն դոլարից ոչ ավելի, եւս մի 100 մլն դոլարի էլ ծրագրեր կան, որը միջնորդված ֆինանսավորում է: Բայց այդ էլ այն թվերը չեն, որ մեր վրա ազդեցություն թողնեն»:
Իսկ այն հայտարարությունները , թե Միացյալ Նահանգներն իր դիրքերը կորցնում է համաշխարհային տնտեսության մեջ, տնտեսագետն ընդունում է մասամբ:
«Այն հսկայական դերը, որ Միացյալ Նահանգները համաշխարհային տնտեսության մեջ ուներ, այո, նվազում է: Այսօր Եվրամիության ՀՆԱ-ն համադրելի է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի հետ, այսինքն` հավասար դիրքերում է: Ամենամոբիլ զարգացող տնտեսությունների մեջ Չինաստանը ԱՄՆ տնտեսության մոտ 50 տոկոսն է կազմում եւ դա շատ նորմալ է»,- ասաց Բագրատ Ասատրյանը եւ նկատեց, որ դրանով հանդերձ` ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհի ամենագրավիչ, մեծ ու հզոր տնտեսություն ունեցող երկիրը: