Ի՞նչ եղավ Վանեցյանի կողմից պլանավորված՝ Փաշինյանին սպանելու գործը․ Նորիկ Նորիկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ահաբեկչությամբ և իշխանությունը զոռբայությամբ զավթելու դեմ պայքարում են մի իշխանություն և մի քաղաքական անհատ, որոնք անցած 7 տարում չհամարձակվեցին բացահայտել Հոկտեմբերի 27-ի հանցագործությունը։ Ովքեր 7 տարվա ընթացքում չհամարձակվեցին իրավական հարթության վրա Ռոբերտ Քոչարյանին հարցնել, թե դու ինչ նախագահ էիր կամ ինչպես էիր ղեկավարում երկիրը, որ քո օրոք տեղի ունեցավ ահաբեկչությունը։ Մենք գործ ունենք մի քաղաքական իշխանության հետ, որը 7 տարում չհամարձակվեց Սերժ Սարգսյանին հարցնել, թե դու ինչ ԱԱԾ նախարար էիր, որ քո օրոք տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Մենք գործ ունենք ահաբեկչության դեմ պայքարող մի իշխանության հետ, որը ՀՅԴ-ի հետ կոալիցիա է կազմել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորիկ Նորիկյանը՝ անդրադառնալով վերջին իրադարձություններին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ կալանավորվեցին բարձրաստիճան հոգևորականներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը։ Բ․Գալստանյանին առաջադրվել է ահաբեկչության և իշխանության յուրացման, իսկ Մ․Աջապահյանին՝ ԶԼՄ-ներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքներ։ Անցած շաբաթ ձերբակալվել էր նաև ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, որին էլ առաջադրվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանք։
Նորիկ Նորիկյանը գտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հայ հասարակությանը համոզել, որ Աջապահյանն ու Գալստանյանն ավելի վտանգավոր ահաբեկիչներ են, քան Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Փաստաբանը նաև համոզված է, որ ՀՀ քաղաքական էլիտան օգտագործեց և կործանեց այդ բարձրաստիճան հոգևորականներին։ «Ովքե՞ր կործանեցին Բագրատ սրբազանին։ Գործող իշխանությունը և գործող ընդդիմությունը միասին։ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանն օգտագործվել են խորհրդարանական ընդդիմության կողմից, բայց դրանից շահել է Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց Նորիկ Նորիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։