Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ո՞վ կա սպանությունների հետեւում, որ վախենում են բացահայտել» (տեսանյութ)

Բանակում խաղաղ պայմաններում մահացած 5  զինծառայողների՝ Անդրանիկ Մկրտչյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Տիգրան Օհանջանյանի եւ Լեւոն Թորոսյանի  գործով որեւէ տեղաշարժ չի եղել, եւ դրա գլխավոր պատասխանատուն ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Այս մասին այսօր  հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը։

   Նա հիշեցրեց, որ Գլխավոր դատաազը ունի այդ գործերի բացահայտման բանալին ու այդ մասին ժամանակին զեկուցել է վարչապետին։

Դեռ 2020 թ  Նիկոլ Փաշինյանը նոր որոշում էր  ստորագրել, որի հիմքով ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորվել էր  աշխատանքային խումբ։

  Հանձնաժողովի կազմում էր այն ժամանակ վարչապետի օգնական, ներկայումս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։  Բայց, ըստ ծնողների, ներկայումս, որեւէ քայլ չի արվում իրական մեղավորներին գտնելու եւ պատժելու ուղղությամբ։  Պատասխանատու մարմինները ցուցաբերում են անգործություն։

   Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսանն էլ նշեց, որ հանձնաժողովը իր տղայի գործով 150 էջանոց եզրակացություն է տվել,  որով բացառվել է ինքնասպանության վարկածը, սակայն սայլը տեղից չի շարժվել։

«Ո՞վ կա սպանությունների հետեւում, որ վախենում են բացահայտել »,- հարց տվեց Գոհար Սարգսյանը։

Արայիկ Պապիկյանը  շեշտում է, որ «փաշինյաններն ու վարդապետյանները գնալու են, ինչպես նախկիններն են գնացել, սակայն պատմության մեջ մնալու են մարդիկ, ովքեր ոչինչ չեն արել իրականությունը բացահայտելու, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի անմխիթար վիճակը վերացնելու ուղղությամբ»։

   Սեւազգեստ մայրերը արդեն   չեն հավատում, որ այս իշխանության օրոք էլ իրենց որդիների սպանության հանգամանքները կբացահայտվեն։