Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներին: Նախագծերի փաթեթով նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծում՝ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեության դադարեցմամբ։ Նշված ծառայությունների մասնագիտական ուժերի օպտիմալացման արդյունքում տարբեր իրավախախտումների, արտակարգ իրավիճակների և պատահարների վերաբերյալ ահազանգերը քաղաքացիներից կընդունվեն և կսպասարկվեն միատեսակ մոտեցմամբ՝ նպաստելով ահազանգերին արձագանքման ժամանակի կրճատմանը և արդյունավետության բարձրացմանը։ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման գրասենյակ, ճգնաժամային արձագանքման համակարգը բնակչության համար կդառնա առավել հասկանալի, պարզ, արագ և արդյունավետ՝ օգնություն տրամադրելու հարցում, կբարելավվի միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաև՝ արձագանքման համար պատասխանատու պետական մարմինների աշխատանքի որակի բարձրացման և պետության ռեսուրսների խնայողության համար կստեղծվի կանչերի ընդունման, արձագանքման, դրանց մշակման և համակարգի կառավարման արդյունավետ մոդել։ Նախարարությունը պատասխանատու է լինելու ոլորտում ընդհանուր քաղաքականության մշակման, գրասենյակը՝ ճգնաժամային իրավիճակների կառավարման, Փրկարար ծառայությունը՝ արտակարգ իրավիճակներում փրկարար ուժերի արձագանքի իրականացման համար, իսկ ոստիկանությունը՝ իրավախախտման կամ պատահարի արձագանքման համար: Նոր գրասենյակի վերջնական ձևավորումը տեղի կունենա երկու փուլերով։ Ահազանգերի ընդունման համար կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն երկու մարմինների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»)։

«Սևան» ազգային պարկին է վերադարձվել Ծովազարդ գյուղում գտնվող հողամասը

Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող՝ 13 մլն 404 հազար դրամ արժեքով 1,5 հա հողամասն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը և անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

«Նշված անշարժ գույքը ՀՀ-ին է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր են ճանաչվել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի և «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է ՀՀ սեփականությունը»,- ասել է ՏԿԵ նախարարը:

Գործի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և նշել, որ բավարարվել է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, և «Սևան» ազգային պարկին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածի՝ Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 1,5 հա մակերեսով հողամասը: Ըստ գլխավոր դատախազի՝ դատաքննությամբ պարզվել է, որ 2009 թվականի մարտի 18-ին տրված անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի թիվ 3 հասցեում գտնվող 1,5 հա բնապահպանական նշանակության հողամասերից բացի՝ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված է նաև արտադրական կոոպերատիվի կառուցապատման իրավունքը: «Բացի այդ, Կառավարությանն առընթեր գույքագրման վարչության «Սևան» տեղամասի կողմից տրամադրված սեփականության վկայագրի համաձայն՝ Ծողազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածում՝ Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1,5 հա մակերեսով հողամասը, այդ թվում՝ շինությունները, Գեղարքունիքի մարզպետի՝ 1997 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա գրանցման գրքում գրանցվել են արտադրական կոոպերատիվի անվամբ: Վերոգրյալի հիման վրա դատարանը փաստել է, որ ՀՀ-ի՝ ի դեմս ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, և արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված և 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս: Այս խնդիրը համատարած է ազգային պարկի ամբողջ տարածքում, արդեն իսկ կառուցապատված հողամասերի պարագայում թաքցվում է կառուցապատման փաստը, և տրամադրվում է վարձակալական իրավունքով հողամաս: Ապօրինի գույքով անցնող գույքերի մի ստվար զանգված ուղղակի իրականության մեջ գոյություն ունեն, փաստաթղթերում գոյություն չունեն»,-ասել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականի հուլիսի 2-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ, 2025 թվականի օգոստոսի 29-ին Գեղարքունիք մարզի՝ համայնք Գավառ, գյուղ Ծովազարդ հասցեի՝ 1,5 հա մակերեսով 13 մլն 404 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քառակուսի մետր շենք-շինության նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը:

Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել նաև Սևանի ափամերձ հատվածում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Եվ այսպես՝ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է մի շարք միջնորդագրեր: Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական 2 մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

1-ին միջնորդագրով Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2007 թվականին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր, որով Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40 հազար 900 քմ մակերեսով հողամասը կրկին կառուցապատման իրավունքով տրամադրվել է իրավաբանական անձին: Իրավաբանական անձի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականին կնքվել է կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագիր, որով վերոնշյալ հողամասից 0.74 հա հողամասի կառուցապատման իրավունքը վաճառվել է ֆիզիկական անձին, ինչի հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցում: Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին նշված հողամասում արդեն իսկ ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինություն: Բացի այդ, կադաստրային գործում 2011 թվականին բացակայել է շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2025 թվականին միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարության կողմից Դատախազությանը տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, որ վերոնշյալ ընկերությանն ուղարկվել է պայմանագրի լուծման առաջարկ: Այն չընդունվելու դեպքում պայմանագիրը կլուծվի դատական կարգով:

2. Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2021 թվականին կնքվել է 1 հա մակերեսով 68 միլիոն 343 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիր: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել և պետական գրանցում է ստացել 2021 թվականին: Հայտնաբերված խախտման հիման վրա, Գեղարքունիքի մարզի դատախազ առաջարկով՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականն ուժը կորցրած է ճանաչվել: Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ վերոնշյալ հողատարածքում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու ՝ քանդելու, նպատակով:

3. Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվել է պայմանագիր, որը վերաբերում է Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ 600 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրմանը: Ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ: Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ առաջարկելով լուծել պայմանագիրը: Միաժամանակ, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

4. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել: 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը կազմում է շուրջ 35 մլն դրամ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք իրավաբանական անձի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը լուծելու, ինչպես նաև ամրակայված գույքերը վարձատուին օտարելու ուղղությամբ՝ այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, Պայմանագրի 5.5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարձակալի կողմից հողամասի վրա ամրակայված գույքը ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասն ազատելու ուղղությամբ: Ի պատասխան միջնորդագրի՝ Գլխավոր դատախազությունում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի կողմից ՍՊԸ-ին վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել:

Նույն իրավաբանական անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց պատկանող՝ ք.Սևան, Հանգստի գոտի, 3-րդ փ., 38 բնակելի տուն հասցեի անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջով հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան: Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող վերոնշյալ հասցեում ապօրինի կառուցվել են շինություններ, այդ թվում՝ առանձնատուն, և ապօրինի կերպով տիրապետվում, օգտագործվում է հատկացված հողատարածքի չափը շուրջ երեք անգամ գերազանցող չափով հողամաս՝ ընդհանուր 9088 քմ մակերեսով:

Ամփոփելով՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ բացի դրանից՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար: «Աշխատանքները բավական դանդաղ են ընթանում: Այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են ամբողջությամբ, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել են 23 քանդման որոշումներ, որոնք դեռևս չեն կատարվել: Բայց մենք շարունակելու ենք հսկողություն իրականացնել այս ուղղությամբ և եթե աշխատանքները չկատարվեցին պահանջելու ենք դատական կարգով, որպեսզի հարկադրենք կատարել քանդման աշխատանքները կա՛մ ինքնակամ զավթողի, կա՛մ մեր գործընկերների կողմից», -ասել է գլխավոր դատախազը:

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է, թե ում են պատկանում գույքերը: Ի պատասխան գլխավոր դատախազը տեղեկացրել է՝ գույքերը պատկանում են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց. «Բնականաբար, հայտնի գույքեր են: Մեկը «Հարսնաքարն» է, մյուսը Վլադիմիր Գասպարյանին՝ նախկին ոստիկանապետին պատկանող առանձնատունն է: Մի մասը զրո նիշից ցածր է, մի մասը՝ չէ: Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում: Իհարկե, այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ: Առանձնատունը ևս, որը նշեցի, պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին: Մի գույք ևս, որը պատկանում է իրավաբանական՝ միջին օղակի պաշտոնատար անձի, 450 քառակուսի մետրի մասին է խոսքը»:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի առաջարկել է գումար տրամադրել համայնքին քանդման այդ աշխատանքներ իրականացնելու համար։

Այդ համատեքստում՝ Աննա Վարդապետյանը նշել է՝ այո, կան գույքեր, որ քանդման ենթակա են իրենց էսթետիկական տեսքի, թե ֆունկցիոնալության տեսանկյունից: «Բայց իմ կողմից նշված գույքերն առանձնատներ, հանգստյան տներ են և բավական մեծ ներդրումներ են: Այդ նպատակով կարծում եմ՝ ավելի ընդլայնված քննարկում պետք է իրականացվի, կխնդրեմ նաև մեզ էլ ներգրավել: Այստեղ իրավական դուալիզմ ունենք՝ մի կողմից ինքնակամ կառույց են, և եթե, որպես դատախազ, իմ կարծիքը հարցնենք, կարծում եմ, որ դրանք պետք է հողին հավասարեցնել, քանդել և դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի չի կարող լինել և չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ։ Բայց ես նաև հասկանում եմ, որ գույքերը կարող են ունենալ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել: Եվ ես կխնդրեմ, որ Կառավարությունը մեծ գույքերի հետ կապված աշխատանքային կարգով քննարկումների ընթացքում, եթե հնարավոր է, հստակ չափանիշներ սահմանի, որ դեպքում է, որ գույքերը միանշանակ ենթակա են քանդման և որ դեպքում գույքերը կարող են բացառիկ դեպքում տրամադրվել, օրինակ` պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի նախարարություններին՝ կրթական, առողջապահական և այլ հանրօգուտ սոցիալական նպատակներով օգտագործվելու համար»,- ասել է գլխավոր դատախազը:

Արձագանքելով՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ գլխավոր դատախազի առաջարկը նույնպես կդիտարկվի:

Կառավարությունը 2 մլրդ 828 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,828,277 հազար դրամ՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր:

Նախարարը թվարկել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով. Արագածոտնի մարզի՝ Թալին համայնքի Աշնակ, Մաստարա, Արտենի բնակավայրերում խմելու ջրագծերի ցանցի հիմնանորոգում, Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ, Լանջառ, Ուրցալանջ և Պ․ Սևակ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ, Արմավիրի մարզի՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, Արմավիր բնակավայրի Ե. Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի հիմնանորոգում, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի կառուցում, Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի համայնքի Մարտունի, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում և Ձորագյուղ բնակավայրում կամրջի և պաշտպանիչ պատի կառուցում, Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի կառուցում քարե սալիկներով, Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում փակ դրենաժի կառուցում, Մարտունի համայնքի Վարդենիկ, Զոլաքար Լիճք, Ծովասար, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցում, Լոռի մարզի՝ Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տերյան, Թատերական – Սոս Սարգսյան փողոցների հիմնանորոգում, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 6, 8, 12, 14, 20 ԲԲՇ-ների ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության արդիականացում, Տաշիր համայնքի Նովոսելցովո և Մեղվահովիտ բնակավայրերի գազիֆիկացում, Տաշիր համայնքի Մեծավան, Լեռնահովիտ, Ձորամուտ և Պաղաղբյուր բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ, Սպիտակ համայնքի Սպիտակ, Կաթնաջուր, Արևաշող, Գեղասար, Ծաղկաբեր, Լեռնավան, Ջրաշեն, Լուսաղբյուր և Մեծ Պարնի բնակավայրերի փողոցների սալարկում տուֆ քարով, Սպիտակ համայնքի Արջահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնում, կառուցում Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում, Կոտայքի մարզի՝ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ, 17-րդ, 18-րդ, փողոցների ասֆալտապատում, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի 4-րդ և 8-րդ փողոցների ասֆալտապատում, Ակունք համայնքի Զառ բնակավայրի ջրատարի վերակառուցում, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի 15-րդ փողոցի, 3-րդ փողոցի 3-րդ փակուղու, Սևաբերդ բնակավայրի 5-րդ փողոցի սալապատում վարդագույն տուֆով, Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Նոր Գեղի և Քարաշամբ բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի կոյուղու կառուցման աշխատանքներ, Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի 3-րդ փողոց 1-ին և 3-րդ նրբ., Մարմարիկ բնակավայրի 2-րդ, 3-րդ փողոց 2 նրբ., 5-րդ, 6-րդ փողոցների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և ջրահեռացման համակարգի կառուցում, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 1-ին, 2, 8, 10-րդ փողոցների շարունակելի հատվածների, 3, 6, 7, 11 և 4-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, Նաիրի համայնքի Քասախ, Պռոշյան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում:

«Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինենք 21 մլրդ 59 մլն դրամի համաֆինանսավորում: Եվս մեկ հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը, թույլ կտամ ասել, հսկայական ծավալի է լինելու. շուրջ 10 մլրդ դրամի մասին է խոսքը: Դա, մեծ հավանականությամբ, կլինի Կառավարության հաջորդ նիստին: Մենք պլանավորում ենք այս տարի բարելավել նախորդ տարվա ցուցանիշները և շարժվում ենք այդ ուղղությամբ: Շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա», -ասել է Դավիթ Խուդաթյանը:

Արձագանքելով, Տիգրան Խաչատրյանը դիմել է խոշորացված համայնքների ղեկավարներին՝ անել հնարավորը մինչև տարեվերջ հատկացված միջոցները շինանրարական կազմակերպություններին վճարելու համար:

Պետգույքի օտարման և վարձակալության գործընթացներն՝ ավելի բաց և թափանցիկ

Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսված մի շարք փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման ընթացակարգերին։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները: Պետգույքի կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ կարգով սահմանվում է միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքների և պայմանների ձևավորման շուրջ: Մասնավորապես՝ Էլեկտրոնային աճուրդի տևողությունը ներկայիս 1 աշխատանքային օրվա փոխարեն կդառնա 3 օր, ինչը հնարավորություն կտա հայտեր ներկայացնելու համար ավելի երկար ժամկետ ապահովել։

Անբարեխիղճ մրցակցության ռիսկերը նվազեցնելու համար՝ վարձակալության աճուրդների նախավճարը բարձրացվում է մինչև 300%` կախված մեկնարկային արժեքի չափից, աճուրդում հաղթած, սակայն արձանագրությունը չստորագրած մասնակիցը զրկվում է նույն լոտի հետագա աճուրդներին մասնակցելու իրավունքից։

Լոտերի հայտարարությունների հրապարակման ժամկետները երկարացվում են, որպեսզի պոտենցիալ գնորդները կարողանան առավել լիարժեք ուսումնասիրել գույքը և հայտ ներկայացնել՝ շարժական գույքի դեպքում՝ աճուրդի մեկնարկից առնվազն 15 օր առաջ, անշարժ գույքի աճուրդի դեպքում՝ առնվազն 45 օր առաջ, անշարժ գույքի վաճառքի մրցույթի դեպքում՝ առնվազն 60 օր առաջ։

Չկառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում պարտադիր կկցվի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք։ Վաճառքի հիմք կընդունվի գործող շուկայական արժեքը, ոչ թե շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը։ Շարժական գույք՝ առաջին աճուրդը կկազմակերպվի գնահատված արժեքի 100%-ի չափով, չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդների մեկնարկային գինը կնվազեցվի 15%-ով՝ առանց ստորին շեմի սահմանման։ Անշարժ գույք՝ առաջին աճուրդում մեկնարկային գինը կլինի գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով, չվաճառվելու դեպքում երկրորդ աճուրդը՝ 85%, երրորդը՝ 70%։

Ուղղակի վաճառքի դեպքում գինը սահմանվելու է գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով՝ բացառությամբ կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատուկ դեպքերի։ Բարեփոխումների նպատակն է պետական գույքի օտարման և վարձակալության գործընթացներն ավելի բաց և թափանցիկ դարձնելը՝ ապահովելով հասարակության համար վստահելի ու արդար միջավայր։

Կապահովվի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը


ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմին առաջակվում է հատկացնել 53,411.7 հազար դրամ, որից 1,506 հազար դրամ՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։ 21,905․7 հազար դրամ կհատկացվի Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների իրականացման համար, 30,000 հազար դրամ՝ Ալագյազ համայնքի համայնքային կենտրոնի արտաքին բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առաջարկվում է հատկացնել 18,357.8 հազար դրամ, որից 15,047.8 հազար դրամ՝ Տ-4-58, /Մ-10/-Լուսակունք-Գեղաքար մարզային նշանակության ավտոճանապարհի Խաչաղբյուր բնակավայրում գտնվող կամուրջի վերակառուցման աշխատանքների իրականացման համար: 2,200 հազար դրամ կհատկացվի Տ-4-61, /Հ-7/-Դրախտիկ մարզային նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար: 1,110․0 հազար դրամ առաջարկվում է հատկացնել Տ-4-62, /Հ-7/-Շորժա-Աղբերք-/Հ-30/ մարզային նշանակության ավտոճանապարհի Աղբերք-/Հ-30/ ճանապարհի համապատասխան հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար: Սյունիքի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 13,466.3 հազար դրամ՝ աշխատակազմի վարչական շենքի մասնակի վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով: Տավուշի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել՝ 43,882․5 հազար դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կբարելավվի ՀՀ ճանապարհների վիճակը. գումար կհատկացվի ճանապարհների բարեկարգման, նախագծերի ձեռք բերման, փորձաքննությունների անցկացման համար և ավարտված աշխատանքների 5 տոկոսի համար: Որոշմամբ նաև՝ Լոռու մարզի դեպի «Թեժ լեռ» հանգստյան տուն տանող ճանապարհի հիմնանորոգումը ներառվել է ցանկում՝ վարչապետի Լոռու մարզ կատարված այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության և ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի հիման վրա:

Հերթական գումարն է հատկացվել դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ԿԳՄՍ նախարարության պետբյուջեով նախատեսված դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի շրջանակում՝2,812,886.6 հազար դրամի չափով: Որոշմամբ՝ գումար կհատկացի դպրոցների և կրթահամալիրների կառուցման, վերանորոգման, ինչպես նաև դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ 2025թ. պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 137,1 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված, 25-ը նորոգված) և 235 նախադպրոցական հաստատությունում։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց (որից 8-ը կառուցվող, 42-ը նորոգվող), մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը 151 դպրոց (որից 49-ը կառուցվող, 102-ը՝ նորոգվող), իսկ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ևս 47-ը՝ կառուցվող դպրոց։ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն ընդհանուր թվով 308 դպրոցներ, որից 139-ը կառուցված և 169-ը՝ կապիտալ նորոգված: Ծրագրի շրջանակում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով որոշմամբ կատարվում են փոփոխություններ գումարի՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող օբյեկտների միջև բաշխման մասով, մասնավորապես՝ մանկապարտեզների կառուցման գծով թվով 1 օբյեկտի հատկացումն ավելանում է 53.8 մլն դրամով, դպրոցների կառուցման գծով թվով 5 օբյեկտի հատկացումն ավելացվում է ընդհանուր 200.1 մլն դրամով, դպրոցների նորոգման գծով թվով 39 օբյեկտի հատկացումն ավելանում է 1.99 մլրդ դրամով, կրթահամալիրների կառուցման գծով թվով 4 օբյեկտի հատկացումն ավելանում է 60.9 մլն դրամով: Իսկ դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովման գծով հատկացումն ավելանում է 502.0 մլն դրամով, որը կուղղվի ավելի քան 50 օբյեկտի՝ դպրոցների, կրթահամալիրների և մանկապարտեզի: Միաժամանակ, որոշմամբ 9 մլն դրամի չափով ավելացվում է ՀՀ քաղաքաշինության պատվիրատվությամբ դպրոցների վերանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմման համար նախատեսված գումարը, որը կուղղվի 3 դպրոցի։ Նախատեսվում են նաև թույլտվություններ՝ դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով կնքված պայմանագրերում ծավալների ավելացման համար։

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը

Գործադիրը հաստատել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինիների միջազգային համտես-մրցույթը համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որը ունի 30 տարվա փորձ։ 2026թ․ մրցույթը հյուրընկալելու նպատակով բացի Հայաստանից, հայտ էին ներկայացրել նաև Վրաստանը, Ռումինիան, Մոլդովան։ Հաշվի առնելով մեր երկրի հարուստ գինեգործական և պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև վերջին տարիներին ոլորտի զարգացման աճի տեմպերը, միջազգային մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները, մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ և ՀՀ կառավարության և Մոնդիալ դե Բրյուսել մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության միջև 2025 թ. փետրվարի 1-ին կնքվել է հուշագիր։ Որոշմամբ առաջարկվում է՝ ՀՀ-ում 2026 թ. իրականացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը, որի կազմակերպիչ է հանդիսանում Վինոպրես ընկերությունը։ Հաստատել է Գինու միջազգային համտես – մրցույթն անցկացնելու միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ միջոցառումը հանրապետությունում անցկացնելու կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվելու է «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի կողմից։ Միջոցառման իրականացումը կնպաստի Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, Հայաստանի մարզային համայնքների կյանքի աշխուժացմանը, կխթանի միջազգային շուկաներում հայկական գինիների առաջմղմանը և արտահանմանը, Հայաստանի՝ որպես գրավիչ գինու զբոսաշրջության երկրի ճանաչելիության բարձրացմանը, նոր գործարար կապերի ստեղծմանը, համագործակցության նոր հնարավորությունների, ներքին շուկայում գինու սպառման մշակույթի տարածմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը։ Ծրագրի շահառուներն են լինելու հայկական գինեգործական ընկերությունները, զբոսաշրջային, հյուրընկալության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչները, կրթական և մշակութային հաստատությունները։

Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու համար: Միջոցառման շրջանակներում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը, աջակցության՝ որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։ Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թ. հունվարի 31-ը ներառյալ։

Որոշմամբ առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականության՝ 2025 թ.ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար հատկացնել 278.2 մլն դրամ: Գնահատականներում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թ. փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ, մարտին՝ 2295 անձ, ապրիլին՝ 2866 անձ, մայիսին՝ 3193 անձ, հունիսին՝ 3686 անձ, հուլիսին՝ 3530 անձ, օգոստոսին՝ 3652, սեպտեմբերին՝ 3842: Կանխատեսումներով՝ 2025 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ներկայացրած նոր դիմումներով շահառու կճանաչվի ևս 500 անձ, որից շուրջ 100-ը՝ Պաշտպանության և ՆԳ նախարարությունների, Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների աշխատակից հանդիսացող անձինք են: Այդ շահառուներին միջոցառման շրջանակներում աջակցություն պետք է տրամադրվի 2025 թվականի նոյեմբեր ամսից և նրանց եկամտային հարկի չափը դիմելու պահին կկազմի շուրջ 18.9 մլն դրամ: 2025 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ներկայացրած նոր դիմումներով շահառու կճանաչվի ևս 700 անձ, որից շուրջ 100-ը՝ Պաշտպանության և ՆԳ նախարարությունների, Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների աշխատակից հանդիսացող անձինք են:

Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամուրջի վերականգնման ծրագիրը

Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 7,630.0 հազար դրամ: Որոշման նպատակն է կատարել հատկացում ՀՀ Լոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ Լոռու մարզի Յաղդան գյուղում և շրջակայքում պահպանվել են պատմամշակութային մի քանի հուշարձան: Դրանցից առավել հետաքրքրականը գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ Յաղդան - Կողես ավտոճանապարհի աջ կողմում գտնվող միաթռիչք կամուրջն է: Թվագրվում է 12-ից 13-րդ դարերով: Այս կոթողի մասին գրավոր արձանագրություններ չեն պահպանվել: Կամուրջը վերջին անգամ նորոգվել է մոտ 40 տարի առաջ, այժմ վթարային վիճակում է:

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգում կներառվեն ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ

«Թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգերի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագրի արդիականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև մշակույթի ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզի գաղափարի և ներկայացված էլեկտրոնային հարթակների լավարկման առաջարկների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Համակարգը կազմված է 2 հիմնական բաղադրիչներից՝ տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգերից: Ծրագրին միացած են նախարարության համակարգի 19 թանգարան: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է museumsarmenia.am կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից: Ծրագրի իրականացումը թույլ է տալիս վերահսկել թանգարանների կողմից տոմսերի վաճառքը, թանգարանների եկամուտները, կանխել չարաշահումները և ապահովել հաշվետվողականություն պետության և հանրության առաջ, ինչպես նաև ապահովել ֆինանսական հոսքերի միասնական հաշվառում և հաշվետվություն: Ծրագրի լավարկման արդյունքում հնարավորություն կստեղծվի համակարգում ներառել ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ և թանգարանային համակարգը դարձնել ավելի արդյունավետ, հաշվետու ու զարգացող: Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ կամբողջանա տոմսային տնտեսությանը միացած նախարարության ենթակայության թանգարանների թիվը: