Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սիգի որսի արգելքը շարունակվում է ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքներն` ամփոփ (տեսանյութ)

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է սիգի արդյունագործական որսը: Եվ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաև Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը:
Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները:

Դեկտեմբերի 11-ին` ժամը 9.45-ի սահմաններում, Կարճաղբյուր-Ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ տարածքում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական երկու նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 6.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կգ քաշով 155 սիգ։
Վարորդն ու մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Դեկտեմբերի 14-ին ժամը 11։25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառի բնակչի վարած «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կգ-ից ավելի ձկնկիթ։

Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Նույն օրը, նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած «Օպելը», որի սրահում հայտնաբերվել է երկու կիլոգրամից ավելի ձկնկիթ։

Այս դեպքում էլ` վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։

Դեկտեմբերի 15-ին` գիշերվա ժամը 1.30֊-ի սահմաններում, վաշտի ծառայողները Ծովագյուղ-Շորժա հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի: Նրա ռետինե նավակում կար 40 հատ սիգ և 9 հատ կարաս տեսակի ձուկ:

Ուժեղացված ծառայությունը շարունակվում է:
Որսի արգելքն ինքնապատակ չէ: Ուստի կոչ ենք անում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին` սպասել մինչև սիգի որսի արգելքի ավարտը: Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարների կայուն վերականգնմանը: