Փաստաբան․ Կարապետյանի գործով 53 քննիչից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է
Աջակցիր «Ա1+»-ինԿալանքի տակ գտնվող հայտնի գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործի ընթացիկ վիճակին՝ ընդգծելով, որ վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ քրեական վարույթի շարունակական ձգձգումը խաթարում է մարդու հիմնարար իրավունքները։
Նա նշել է, որ Կարապետյանի գործով 53 քննիչից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է։
«Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգել էր մեկ ամսով: Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական հետապնդման ժամկետների խնդիր է առաջ գալիս: Քննչական մարմինը և Դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը: Ի դեպ այդ որոշմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում գրավոր միջնորդություններով հստակ արձանագրել էինք այդ խնդիրը, հստակ պահանջել ենք դադարեցնել գործի ձգձգումը, դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը մեր դեմ: Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել և աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել:
2025 թվականի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ խնդրահարույց է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման։
Նույն Վերաքննիչ դատարանը, որն այլևս անհերքելի քաղաքական հետապնդման պայմաններում մեր բողոքը չի բավարարել, բայց այսպիսի իրավական դիրքորոշում է արձանագրել: Ցանկանում եմ հայտնել նաև, որ Քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են: Հետևաբար Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է չնայած մոտ վեց ամիս է կալանավորված Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր Աթոռը պաշտպանող խոսքում՝ կոչ չկա:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,–ասվում է գրառման մեջ։