Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու անդամներ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նույն օրը ստորագրված Համատեղ հռչակագրին, որն ուրվագծում է համագործակցության առաջնահերթությունները և կարևորում նաև օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունը:
Նախարար Միրզոյանն իր երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ ստեղծված հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը: