Դատավորի ծնողներին դասավանդել են Սամվել Կարապետյանի ծնողները․ նա ինքնաբացարկ է հայտնել
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Զաքարյանը ինքնաբացարկ է հայտնել գործարար Սամվել Կարապետյանն ընդդեմ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի գործով:
Որպես ինքնաբացարկի հիմքեր դատարանը նշել է, որ հայցվոր Սամվել Կարապետյանի ծնողները դասավանդել են դատավոր Գնել Զաքարյանի ծնողներին, համագյուղացիներ են, հյուրընկալվել են նրանց տանը, դատավորը Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարենի, որդու՝ Նարեկի հետ ունի մարդկային ջերմ հարաբերություններ, իսկ վերջինս նաեւ քաղաքական գործունեություն է իրականացնում:
«Հայցվոր Սամվել Կարապետյանի հարազատների հետ ունեցած հարաբերությունները անկողմանակալ դիտորդի տեսանկյունից ոչ միայն կարող են ողջամիտ կասկածներ հարուցել տվյալ գործով դատավորի անաչառության մեջ, այլեւ տեղիք տալու դատավորին վերագրել նրա քաղաքական հայացքներին հարելը և քաղաքական չեզոքությունը խախտելը, որոնք իրենց համակցությամբ խաթարելու են դատարանի անկախությունը և անաչառությունը, հասարակության առջեւ նսեմացնելու են դատավորի կերպարը: Գտնում եմ, որ նշված բոլոր փաստարկները բավարար հիմք են դատարանի կազմից դուրս գալու համար».- կիրառելով Եվրոպական եւ ՀՀ վճռաբեկ դատարանների իրավական դիրքորոշումները՝ նշել է դատարանը:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը զրպարտություն է որակել Ազատ Արշակյանի՝ մի քանի հարցազրույցներում հնչեցրած մտքերը, մասնավորապես՝ «Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, իր կուլտուրան կողոպտելն է, հարկեր չի վճարում»։
Սամվել Կարապետյանը պահանջում է հերքել հայտարարությունները եւ ներողություն խնդրել: Միաժամանակ զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջում է 6 մլն ՀՀ դրամ: