Դատախազությունը պահանջում է Մասիսի քաղաքապետի նկատմամբ կիրառված 5 մլն դրամ գումարը դարձնել պետության եկամուտ
Աջակցիր «Ա1+»-ինՄասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ բողոքը մակագրվել է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին եւ Սեւակ Համբարձումյանին։ Երրորդ դատավորի մասին տեղեկատվություն դեռ առկա չէ։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։
Նրան նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը։ Սակայն դատավորը որոշեց անհապաղ նրան կալանավորել ։
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե պաշտպանական, թե մեղադրող կողմերը։ Մեղադրողը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարը դարձնել պետության եկամուտ:
Իսկ պաշտպանական կողմը պահանջում է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել : Դավիթ Համբարձումյանի մասով բեկանել և փոփոխել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը և նրան առաջադրված մեղադրանքում ամբողջությամբ արդարացնել։ Կամ քրեական գործը Դավիթ Համբարձումյանի մասով ըստ տարածքային ընդդատության ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ սահմանելով նոր քննության ծավալները:
Մասիսի քաղաքապետը մեղադրվում է 2018 թ հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Նա մեղադրանքը չի ընդունում։