«Շողակաթ» Հ/Ը–ն հունվարի 1–ից չի գործի
Աջակցիր «Ա1+»-ինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության» լուծարումը պայմանավորված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում հոկտեմբերին ընդունված փոփոխություններով, որոնք իրավական հիմք են հանդիսացել ընկերության գործունեության դադարեցման համար։
ՔՊ-ական պատգամավորների հեղինակած օրենսդրական փոփոխություններով «Շողակաթը» դուրս է բերվել հանրային հեռարձակողների ցանկից։ Մինչ այդ պետական միջոցների հաշվին հեռարձակվում էին Հանրային հեռուստաընկերությունը, «Լրատվական ալիքը» և «Շողակաթը»։ Իշխանական պատգամավորները պնդում էին, որ երեք հեռարձակողների պարագայում պետական միջոցները չեն ծախսվում արդյունավետ, դիտումները ցածր են, իսկ բովանդակության որակը՝ խնդրահարույց։
Մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ «Շողակաթը» եթերազրկելու իրական պատճառը վարչապետի կողմից Կաթողիկոսի գահընկեցմանն ուղղված քաղաքական արշավն է։
Կառավարության որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պարտավոր է ստեղծել լուծարման հանձնաժողով՝ ընկերության լուծարման գործընթացն իրականացնելու նպատակով։
Կառավարության նույն նիստի չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված է նաև Մայր Աթոռին հողատարածքներ անհատույց սեփականությամբ չտրամադրելու նախագիծը։ Գործադիրի որոշմամբ՝ այսուհետ համայնքային և պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության և սպասարկման համար կտրամադրվեն ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։
Նշված փոփոխության նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։