ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
Աջակցիր «Ա1+»-ինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց, «Ազատությանը» հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշեց, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:
«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները», - ասաց Ամատունին:
Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով:
Զառա Ամատունին մանրամասնեց, որ այս այցը կազմակերպել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև «արդյունքն է մեր և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության»:
«Մենք պատրաստակամ ենք և բաց ենք՝ շարունակելու այս ուղղությամբ մեր ջանքերը», - հավելեց նա:
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 23 հայ գերի է պահվում: