Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փաշինյանը հանձնեց գլխավոր մրցանակը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» 2025 թ. մրցանակաբաշխությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին:

Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, «Մեր ժամանակների հերոսը 2024» մրցանակակիրներ՝ Էդգար Աբրահամյանը, Ավետիս Եգանյանը և Գոհար Թադևոսյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և նշել, որ «Մեր ժամանակների հերոսը» ամեն տարվա հետ ավելի է կոնկրետանում, կայանում, ինչը ցույց է տալիս նաև մեր պետության, մեր մտքերի ընթացքը։ Վարչապետը կիսվել է իր այս տարվա առանցքային տպավորությամբ․ «Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք և ավելի ու ավելի շատ մարդու ուշադրությունը հրավիրենք այն մտքի վրա, որ ինքը կարող է, որ մարդը կարող է, որ անհատը կարող է, որ անհատից իսկապես շատ բան է կախված։ Ընդհանուր առմամբ, խնդիրների լուծման, պետության կայացման կամ երկրի զարգացման բուրգի մասին պատկերացումները երբեմն կարծրացած են լինում, և երբեմն, ժամանակ առ ժամանակ, մենք կարիք ունենք դրան նորից անդրադառնալու։ Իհարկե, այն, ինչ անում է օրենսդիր իշխանությունը, այն, ինչ անում է գործող իշխանությունը, այն, ինչ անում են դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, այդ ամեն ինչը շատ կարևոր են, առանցքային են, էական են, բայց մենք երբեմն մոռանում ենք, որ օրենսդիր, գործադիր, պետական իշխանությունը նույնպես ձևավորվում է անհատների կայացրած որոշումների միջոցով և շնորհիվ։ Այսինքն՝ ամեն անհատ-ընտրողն է որոշում իշխանության պատկերը, կերպարը, ով լինելը, ծրագիրը և այլն։ Եվ նաև սա է պատճառը, որ մենք անընդհատ ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և կարողության վրա»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա մրցանակաբաշխությանը հատկապես կրթության ուղղությամբ մրցանակների թիվը տեսանելիորեն ավելի էր։ Այդ համատեքստում, վարչապետն ընդգծել է այն հանգամանքի կարևորությունը, որ կրթությունը Հայաստանի Հանրապետությունում նաև որոշակիորեն տնտեսականացվում է, կրթության ոլորտում անհատական ձեռներեցության դեպքեր են առաջանում։ «Սա նաև մեր ռազմավարությունների մեջ է մտնում։ Այս տարի մենք ներդրեցինք Համընդհանուր հայտարարագրման համակարգը, որտեղ նախատեսված են սոցիալական կրեդիտներ, այդ թվում՝ կրթության ոլորտում ծառայությունների համար։ Եվ մենք կանխատեսում էինք, որ կրթության ոլորտում կշարունակեն նոր ծառայություններ ի հայտ գալ, որովհետև ուսուցիչը, այո, կամավոր ատեստավորմամբ կարող է իր վարձատրությունն ավելացնել, բայց ինքը կարող է նաև ստեղծել մի ձեռնարկություն՝ իր աշխատանքը դպրոցից դուրս շարունակելով, և դրանով շատ մեծ տնտեսական և նաև կրթական էֆեկտ ստեղծել»,- ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ուղղակի պետք է պարզել ձեռքը և բաց լինել կրթության, նոր մտքերի համար։ Վարչապետը նշել է, որ այս տարվա գլխավոր մրցանակն իր համար ունի հատուկ նշանակություն․ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կան անհատներ, որոնք մտածում են ոչ միայն անհատի, այլև պետության մտածողության մասշտաբով և գուցե, ինչ-որ տեղ պետության փոխարեն և գուցե այն տրամաբանությամբ, որ այդ մտածողությունն այնքան կզարգանա, որ պետությունը, մասնավոր հատվածն ավելի մեծ ուշադրություն կդարձնի դրան։ Բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ, մասնավորապես՝ մեր այսօրվա մրցանակակիրը, այդ գործն անում է անխոնջ, նախ, որովհետև սիրում է այդ գործը, և երկրորդը՝ հավատում է այդ գործին։ Եվ այդ սիրով, հավատով և այդ գործի էներգիայով, հետաքրքրությամբ, խորությամբ ոգևորում է նաև ուրիշներին»:

Վարչապետ Փաշինյանը գլխավոր մրցանակը հանձնել է «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանին։