Բացել լրահոսը Փակել լրահոսը
329496
A A
Հասարակություն

Հալեպահայերը քաղաքում բախումների պատճառով չեղարկել են Մեռելոցի արարողությունը

 Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ թաղամասում վերսկսվել են բախումները, ինչի հետևանքով Սուրբ Ծննդայնը հաջորդող Մեռելոցի արարողությունն անվտանգության նկատառումներով չեղարկվել է, հայտնում է «Գանձասարը»:

«Խնդրում ենք բնակարաններում աղոթել ննջեցյալների հոգիների խաղաղության համար»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ նահանգապետի որոշմամբ, հունվարի 7-ին Հալեպի բոլոր կրթական հաստատություններում դասեր չեն լինի, պետական կառույցները փակ կլինեն, բոլոր տեսակի հավաքներն ու միջոցառումներն արգելվում են:

Հալեպի օդանավակայանը ևս դադարեցրել է աշխատանքը՝ 24 ժամով:

Հալեպում բախումներ են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Դամասկոսի իշխանություններին ենթակա ստորաբաժանումների միջև: Զոհվել է 4 մարդ, վիրավորների թիվը երկու տասնյակից ավելի է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ գնդակոծման տակ հայտնված թաղամասերից փախստականների մեծ հոսք կա:

Հունվարի 5-ին Դամասկոսում տեղի են ունեցել հերթական բանակցությունները քրդական զինված կազմավորումները երկրի ԶՈւ շարքերում ինտեգրելու շուրջ: Քրդական կողմը հայտնել է, որ առաջընթաց կա, սակայն, մանրամասների հետագա համաձայնեցում է անհրաժեշտ: