Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինտերնետ հասանելիություն
A A
Քաղաքականություն

8 մլն նամակը վաճառվում է 2500 դոլարով․ ինչ է տեղի ունեցել

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային  կենտրոն»- ի տնօրեն, սահմանադրագետ  Գոհար Մելոյանն ահազանգել էր՝ կոտրել են պաշտոնական էջեր եւ պետական զգայուն հաղորդակցությունների մոտ 8 մլն ֆայլերի արտահոսք է տեղի ունեցել: 

«Հանրային  կապերի եւ տեղեկատվության կենտրոն»ը հերքեց տեղեկատվությունը, նշելով, որ  թե իբրեւ ՀՀ Կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։

   Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը նշել էր՝  նախնական ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել են էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am հարթակից։ Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով։

 Գոհար Մելոյանի մոտ հերքման տեքստն էլ ավելի հարցեր է առաջացրել:

«Այդ Armlex-ը նոր ստեղծված համակարգ է, որը պարտավորացնում է ողջ փաստաբանական համայնքին, դատավորներին, ամբողջ գործավարությունը դատարանների, իրականացնել այդ կայք-էջով: Իրենք ասում են armlex-ն  է կոտրվել եւ ճշտում ենք, էլ ինչն է կոտրվել: Նշանակում է հսկայական անձնական տվյալների արտահոսք»,- «Ա1+» -ին ասաց Գոհար Մելոյանը:

 Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն  ասում է՝ սոցհարթակներից մեկում մեկը վաճառքի է դրել 8 մլն նամակ պետական կառույցներից եւ վաճառում է 2500 դոլարով. « Ամեն դեպքում գինը շատ ցածր է, գինն անտրամաբանական էժան է»:

 Երեկ երեկոյան ընդամենը մեկ ներբեռնում է եղել. «Կարող եմ ենթադրել մեր պետական կառույցներն են առել, կամ ադրբեջանական: Չեմ կարծում, որ ուրիշ հետաքրքրվող կարող էր լինել»,- «Ա1+» -ին ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետը:

  Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ «Ա1+» -ին փոխանցեց, որ այս պահին որեւէ բան հստակ չէ,  եւ մասնագետներն աշխատանքներ են տանում: