Իրանում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է. Արաղչի
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, Իրանի արտգործնախարարն այս մասին խոսել է Թեհրանում՝ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։
Արաղչին հայտնել է, որ համազգային բողոքի ցույցերը «բռնի և արյունալի են դարձել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»։ Նա նշել է, որ բռնությունը կտրուկ աճել է շաբաթվա վերջին, բայց «իրավիճակն այժմ լիակատար վերահսկողության տակ է»։
ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իրենք ունեն տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զենքեր մատակարարվում ցուցարարներին՝ նշելով, որ Իրանի իշխանություններն առաջիկայում կհրապարակեն ձերբակալվածների խոստովանությունները։
Արաղչիի խոսքով՝ իշխանությունները «ուշադիր հետևում են» փողոցներում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա համոզմամբ՝ ցույցերը «հրահրվել և բորբոքվել են» օտարերկրյա տարրերի կողմից։ Իրանի ԱԳ նախարարը խոստացել է, որ իրավապահները «կհետապնդեն» կատարվածի պատասխանատուներին։
Նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում նշվում էր, թե ամերիկյան կողմը պատրաստ է միջամտելու, եթե իրանցի ցուցարարների դեմ ուժ կիրառվի՝ ասելով, որ դա պատրվակ է Իրանի ներքին գործերին միջամտելու համար։ «Մենք պատրաստ ենք պատերազմի, սակայն պատրաստ ենք նաև երկխոսության»,- նշել է Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ շուտով երկրի ողջ տարածքում կվերականգնվի համացանցի հասանելիությունը։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ցույցերի ընթացքում կան հարյուրավոր զոհեր։