Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը բաց մարզում անցկացրեց Եվրոպա մեկնելուց առաջ (տեսանյութ)

Մեր թիմը հունվարի 15-ին ընկերական խաղ կանցկացնի:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը կկայանա հունվարի 21-ից մինչև փետրվարի 7-ը երեք երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն / Ֆուտբոլի ակադեմիայում այսօր մեր թիմն անցկացրեց բաց մարզում: Դրան մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Թեթևակի վազքից հետո տղաները նախ ֆիզիկական վարժություններ կատարեցին, ապա անցան գնդակով վարժություններին՝ փոխանցումներ, հարվածներ, բազմաքայլ կոմբինացիաներ: Վերջում Հայաստանի հավաքականը 12 րոպեանոց երեք խաղակեսով ստուգողական հանդիպում անցկացրեց ֆուտզալի «Երևան» թիմի հետ:

 

Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ թիմը լիովին պատրաստ է առաջնությանը:

 

«Տղաները լավ պատկերացնում են, թե ուր են գնում և ինչի համար: Թիմի մարզչական կազմը համալրել ենք երկու նոր իսպանացի մասնագետներով, որոնք արդյունավետ աշխատանք են տանում: Արդյունքները կերևան արդեն մրցաշարի ընթացքում: Լավ ուսումնասիրել ենք մեր մրցակիցներին, սակայն այժմ մտածում ենք միայն Ուկրաինայի հետ առաջին խաղի մասին: Ֆուտբոլիստները լիովին պատրաստ են հոգեբանորեն, քանի որ նրանք հաղթահարել են նախնական փուլի բոլոր արգելքները: Նախապատրաստական փուլը լավ է ընթանում, վնասվածքներ չկան: Միակ բանը, որ կարող է մեզ խանգարել, դա եզրափակիչ մրցաշարում վնասվածներ ստանալն է: Կարծում եմ, որ դա չի լինի», - ասել է մասնագետը:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 15-ին ընկերական խաղ կանցկացնի Լիբանանի ընտրանու հետ:

Նշենք, որ Եվրո-2026-ում մեր հավաքականը ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիտվայի, Չեխիայի և Ուկրաինայի թիմերը: Առաջնության առաջին խաղը նա կանցկացնի հունվարի 22-ին, Ուկրաինայի հետ: Հունվարի 25-ին թիմը կհանդիպի Չեխիային, հունվարի 28-ին՝ Լիտվային: Խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղը գրաված թիմերը կմտնեն քառորդ եզրափակիչ փուլ։