Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Նարեկ Կարապետյանը ներկայացրեց 5 քայլերը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի քաղաքական թիմը՝ 300 հազար նոր աշխատատեղի, հարկային արտոնությունների և արտադրական վերափոխման մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ, հայտարարում է, որ Ազգային ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում առաջին իսկ քայլով կստեղծի 300 հազար նոր աշխատատեղ։ Այդ մասին տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, նոր աշխատատեղերի ստեղծման հիմքում դրվելու է արդյունաբերության և վերարդյունաբերության զարգացումը։ Ծրագիրն ունի հստակ քայլեր․

  1. 300 հազար նոր աշխատատեղ,

  2. Փոքր բիզնեսի ամբողջական ազատում հարկերից,

  3. Դեղորայքի 20%–ով էժանացում,

  4. Գյուղերում բերքի երաշխավորված մթերում,

  5. 20 հազար մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ։

Նարեկ Կարապետյանը նշեց, որ ՀՀ-ն տարեկան մոտ 7 մլրդ դոլարի ապրանք է ներմուծում, իսկ արտահանման հետ տարբերությունը կազմում է գրեթե 4 մլրդ դոլար։ Սա, ըստ նրա, կարող է փոխվել, եթե այդ ապրանքները սկսենք արտադրել Հայաստանի ներսում։ Այդ նպատակով առաջարկվում է․

  • կառուցել նավթամշակման գործարան՝ մոտ 0.5 մլրդ դոլարի շրջանառությամբ,

  • ստեղծել ջերմաէլեկտրակայան՝ Իրանից ներմուծվող գազի հիմքով։

Նրա խոսքով՝ Իրանը չի կարող նման կայան կառուցել պատժամիջոցների պատճառով, իսկ Հայաստանը՝ կարող է։ Բացի այդ, նախատեսվում է համագործակցել Չինաստանի հետ, որի արտահանման ֆոնդը, ըստ Կարապետյանի, կարող է ֆինանսավորել մինչև 70%-ը, եթե գործարանները կառուցվեն չինական սարքավորումներով։

Նա առաջարկում է նաև փոքր բիզնեսին ազատել շրջհարկից։ Ներկայումս, ըստ նրա, հարկային բեռի տակ գործելուց փոքր բիզնեսը չի զարգանում, մինչդեռ պետական բյուջեի եկամուտների մեջ այն կազմում է ընդամենը 2%։ Իսկ արտաքին ներդրումներով, ըստ Կարապետյանի, կարելի է ապահովել «տասնյակ տոկոսներ»։

«Մինչև միջին բիզնես չդառնաս, քեզ մոռանալու են։ Իսկ փոքր բիզնեսին հարկելու կարիք չկա», – նշել է նա։

Ամփոփելով՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է տարեկան 2–3 հազար նոր ընկերություն հիմնել։