A
A
«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» բաժանմունքներն ու վիրահատարանը վերանորոգվել և վերազինվել են
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» բաժանմունքներն ու վիրահատարանը վերանորոգվել և վերազինվել են:
Նախարար Անահիտ Ավանեսյանը շրջել է բաժանմունքներում, ծանոթացել վերջնարդյունքին:
«Այս կենտրոնի արդիականացման համար ընտրել ենք փուլային տարբերակը, քանի որ վերանորոգման ընթացքում չենք կարող դադարեցնել կենտրոնի բուն գործունեությունը: Նպատակ ունենք քայլ առ քայլ ամբողջությամբ հասնել շենքային պայմանների լավագույն վիճակին և հագեցմանը: Կենտրոնում կունենանք նաև բարձրակարգ պլաստիկ վերականգնողական բաժանմունք», նշել է Անահիտ Ավանեսյանը:
Կենտրոնի տնօրենը հյուրերին է ներկայացրել ծառայությունների ծավալը և, ըստ անհրաժեշտության, դրանց ընդլայնման հնարավորությունները:
«Պալատները հագեցած են թթվածնով, իսկ ռեանիմացիոն բաժանմունքը 10 մահճակալային ֆոնդ ունի, սակայն կարիքի դեպքում կարող է հասնել մինչև 30 մահճակալի»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը` ընդգծելով, որ նաև համալրվել են ժամանակակից բժշկական սարքերով:
Վերանորոգումը կյանքի է կոչվել Կառավարության ֆինանսավորմամբ` շուրջ 160 միլիոն դրամ, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի, L'œuvre d'Orient և HayAsso բարեգործական ֆրանսիական ընկերությունների աջակցությամբ: