Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին մաղթելով հարատև խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և առաջընթաց:
«Հայաստանի և հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գործընկեր երկիր չէ, այլև վստահելի բարեկամ, որի հետ մեզ կապում են դարավոր պատմական առնչությունները, քաղաքակրթական ընդհանրությունները, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման գործում:
Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համակողմանի խորացումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների»,-նշել է փոխվարչապետը և ընդգծել, որ վերջին տարիներին երկու երկրներին հաջողվել է նոր հանգրվանի հասցնել համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով:
«Համոզված եմ, որ այսօր մեր համագործակցությունն առաջ է շարժվում վստահելի և ամուր հիմքի վրա և հետագայում էլ շարունակելու է ամրապնդվել փոխշահավետ գործընկերության ոգով»,- ամփոփելով խոսքը՝ նշել է Մհեր Գրիգոիյանը: