Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ_Կառավարության_շենք,_հունիս_2011,_1
A A
Հասարակություն

Անհայտ կորած համարվող 21 զինծառայողների ընտանիքները դեռ կստանան աջակցություն

Կառավարությունն առաջարկում է դեռեւս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը երկարացնել:

Որոշման նախագիծը ընդգրկված է Կառավարության նիստի՝ հունվարի 29-ի օրակարգում: Կառավարության 2020 թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին մինչեւ 2025 թ դեկտեմբեր ամիսը սոցիալական աջակցություն էր տրամադրվում ամսական 300.000 դրամի չափով:

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 21 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման հաշվարկը 2026 թվականի հունվար, փետրվար եւ մարտ ամիսների համար կազմում է 18.900.000 ՀՀ դրամ:

Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: