Բացել լրահոսը Փակել լրահոսը
624531083_1211046324550569_1190164573351183639_n
A A
Պաշտոնական

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք. ԱՆ

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք՝ հիմնականում հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
 
Մեր երկրում տարեկան 115 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։ Քաղցկեղի այս տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը մեր տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր է, քան Արևմտյան Եվրոպայում։
 
Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ամենատարածված պատճառը մարդու պապիլոմավիրուսի (HPV) որոշ, բարձր ռիսկայնություն ունեցող, տեսակներն են:
 
Վիրուսի երկարատև առկայությունը օրգանիզմում կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել արգանդի պարանոցի բջիջների կառուցվածքային փոփոխության, որը նախ դրսևորվում է որպես նախաքաղցկեղային փոփոխություն, իսկ տարիների ընթացքում կարող է վերափոխվել քաղցկեղի։
 
Վիրուսը փոխանցվում է, մասնավորապես, սեռական ճանապարհով։
 
Քաղցկեղի տվյալ տեսակը կարելի է կանխարգելել՝ կատարելով անհրաժեշտ կանխարգելիչ միջացառումներ:
 
Պապիլոմավիրուսի դեմ կատարվող պատվաստումը հիվանդության կանխարգելման ամենահուսալի միջոցներից է: Տվյալ պատվաստանյութը հասանելի է Հայաստանում և կատարվում է 13 տարեկանից սկսած՝ աղջիկներին և տղաներին։ Ունի 99% արդյունավետություն։
 
Սքրինինգային հետազոտությունների շարքին են պատկանում արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը և պապիլոմավիրուսի հայտնաբերումը։
 
Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։
 
Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, պապիլոմավիրուսի հայտնաբերումը կատարվում է 5 տարին մեկ անգամ։
 
Կամ 5 տարին մեկ անգամ հնարավոր է իրականացնել համակցած սքրինինգ։
 
Հայաստանում՝ ԱԱՊ բժշկական հաստատություններում, 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է անվճար HPV թեստավորում՝ 5 տարին մեկ անգամ։