Արդյոք հիմնավոր է պարգեւավճար տալը՝ դատական ծախսերի փոխհատուցման ու դեռ չեկած ներդրումների համար. Առավոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պետական կառավարման համակարգի աշխատողները պիտի պատշաճ վարձատրվեն, և նաև մրցունակ լինեն մասնավոր սեկտորի համեմատ, բայց այստեղ երկու խնդիր կա՝ ինչպե՞ս պիտի դա արվի», – «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ասաց հյուրերից մեկը՝ հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանը, ընդգծելով, որ դա պիտի արվի բացառապես օրենքի շրջանակներում եւ այդ վարձատրությունը պիտի լինի համաչափ:
Մյուս հյուրը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան կազմակերպության հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը եւս նշեց. «Լիովին համաձայն եմ, երբեք չեմ ասել, որ ոչ, նրանք չպետք է ստանան՝ պետք է ստանան նույնքան աշխատավարձ, ինչքան ասենք բանվորը»: Սակայն նա էլ մատնանշեց թափանցիկության եւ մի շարք այլ խնդիրներ, որով իրականացվեց այս գործընթացը:
«Պետական բարձրաստիճան պաշտոնյաները որոշակիորեն իրենց իրավունքները պաշտպանելու առումով պրոբլեմներ են ունենում։ Ինչո՞ւ։ Որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ կամ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ,- հիմնավորելով պարգեւավճարների անհրաժեշտությունը՝ մասնավորապես ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
- Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք միտումներ, երբ որ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամանոց հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ, և, ըստ էության, մենք դա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք, որովհետև ինչքան էլ կտևեն այդ դատական գործերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է իրավական պաշտպանություն, իսկ իրավական պաշտպանության համար անհրաժեշտ են ծախսեր և այլն»:
Անդրադառնալով այս հիմնավորմանը՝ Սերոբ Անտինյանն ասաց. «Պետական ծառայողն իր հանրային գործունեության մեջ սահմանափակված է պետական իր լիազորություններով: Օրինակ, նույն քաղծառայության համար կա քաղաքական զսպվածության ինստիտուտ: Այսինքն, եթե պետական ծառայողն իր գործունեության շրջանակներից, իր լիազորությունների շրջանակներից դուրս է գալիս և որպես պետության ներկայացուցիչ է սկսում հանդես գալ՝ իր անձնական խնդիրների հետ կապված, որի հետևանքով դատական ինչ-որ պրոցեսների մեջ է ընկնում, սա ինքնին արդեն սխալ մեկնարկ է: Մյուս կողմից, եթե պետական պաշտոնյան որպես մասնավոր անձ է հանդես գալիս, իր մասնավոր խնդիրները այլ անձանց հետ լուծելու պարագայում, ինչո՞ւ պիտի պետությունը նրան վարձատրի իր անձնական դատական պաշտպանության համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ