Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ստորագրվեց ՀՀ–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր․ Փաշինյանը վերադարձավ Հայաստան (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի հանդիպումը․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր

Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը:

 

 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք: Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը։