A
A
Ադրբեջանից Հայաստան ներկայում ներմուծվում է միայն նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք․ Պապոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանից Հայաստան ներկայում ներմուծվում է միայն նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք, սակայն հայկական ծագման որևէ արտադրանք առայժմ չի արտահանվել Ադրբեջան։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի՝ հայ-ադրբեջանական առևտրային հարաբերությունների հարցին։
«Այս պահին ադրբեջանական ծագման երկու արտադրանք է մուտք գործել Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ Հայկական ծագման արտադրանք առայժմ չկա։ Սակայն կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է բավականին երկար ցանկ, մենք՝ նրանց։ Կարծում ենք, որ ժամանակի ընթացքում գործարար միջավայրը կարձագանքի այդ հնարավորություններին»,-ասաց Պապոյանը։
Պապոյանը պատճառների թվում նշեց շուկաների փոխադարձ անծանոթությունը, ինչպես նաև ենթակառուցվածքային և լոգիստիկ գործոնները։
«Նախ՝ շուկաները դեռևս միմյանց համար բավականին անծանոթ են․ ինչպես մեր շուկան՝ նրանց, այնպես էլ նրանց շուկան՝ մեզ համար։ Այս գործընթացը ժամանակ է պահանջում և, բնականաբար, ավելի շատ գտնվում է մասնավոր հատվածի տիրույթում։ Պետության դերը պայմաններ ստեղծելն է՝ քաղաքական պայմանավորվածությունների, ճանապարհների բացման, երկաթուղային հաղորդակցության գործարկման և այլ քայլերի միջոցով։ Այդ պայմանների մի զգալի մասն արդեն ստեղծվել է, սակայն ոչ ամբողջությամբ։
Օրինակ՝ դեռևս չկա ուղիղ երկաթուղային հաղորդակցություն, բայց այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է և ակնհայտ է, որ մի քանի տարի անց այն կիրականանա։ Խոսքը վերաբերում է նաև «TRIPP»-ի գործարկմանը։ Մինչ այդ, հնարավոր է կիրառվեն նաև այլ գործիքակազմեր։
Կամ՝ ուղիղ ճանապարհային հաղորդակցություն կա, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի օգտվում մեր ճանապարհներից՝ օրինակ, ապրանքները Հայաստանի տարածքով Թուրքիա տեղափոխելու կամ հակառակը։ Այս ամենը ցույց է տալիս, որ գործընթացը ժամանակատար և բարդ է»,-եզրափակեց Պապոյանը։