Արման Սարոյանն ընդդեմ եկեղեցու նիստի օրը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինԳեւորգ եպիսկոպոս Սարոյանն (Արման Սարոյան) ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նիստի օրը հայտնի է։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նիստը տեղի կունենա մարտի 6-ին՝ 17․ 00-ին։
Հիշեցնենք, որ նա պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ արգելելով «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, եկեղեցու կանոնադրությամբ, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով կատարել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։ Բացի այդ, ըստ դատական ակտի, չպետք է խոչընդոտվի Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ երեկ հայցեր են ներկայացրել նաեւ Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) եւ Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան)։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումներով նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները եւ իրենց վերականգնել հոգեւոր հովվի պաշտոնում։
Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին եւ որպես հետեւանք իրեն վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում:
Ստեփան Ասատրյանն էլ պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում: Ստեփան Ասատրյանի դիմումը մակագրվել է դատավոր Սիմա Աբովյանին, իսկ Արամայիս Թախմազյանի դիմումը՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանին։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին էլ ընդդեմ Ստեփան Ասատրյանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու երկու հայցադիմում է ներկայացվել։ Մեկով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։
Իսկ երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ խորան, ավանդատուն եւ ատյան։
Դատական նիստերի օրեր դեռ նշանակված չեն։