Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 10-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով ամրագրված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանել:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նիստում քննարկվել է նաեւ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով առաջարկվող հինգ տարբերակներից մեկը:
Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել: Անդրադառնալով օրենքում նախատեսվող փոփոխության առնչությամբ հանրության շրջանում որպես քննադատություն կամ անհամաձայնություն հնչած տեսակետներին՝ հեղինակն ընդգծել է, որ առաջարկվող մոդելը ո՛չ համաներում է եւ ո՛չ էլ գումարի դիմաց հարցի լուծում: «Սա ծառայության այլընտրանք է, որը մարդկանց հնարավորություն է տալիս վերադառնալ Հայաստան, ինչպես նաեւ ապահովում է ծառայություն եւ պետական մուտքեր»,- նման կարծիք է հայտնել զեկուցողը եւ հավելել, որ հեշտ լուծումը՝ համաներումն է, պետական լուծումը՝ կանխատեսելի, արդար եւ պատասխանատվության վրա հիմնված օրենքը:
Գլխադասային՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Կառավարությանը դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Հաջորդիվ պատգամավորները քննարկել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց առնչվող նախագիծը: ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:
Պատգամավորն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության, ինչպես նաեւ ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: Նա ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը որեւէ առաջարկ չի ներկայացրել: Զեկուցողը կոչ է արել կողմ քվեարկել:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախաձեռնությունը վերաբերում է խմելու եւ ոռոգման ջրի ոլորտներում Կառավարության կողմից սահմանվող իրավական ակտերի հստակեցմանը եւ օրենսդրությամբ դրանց համար լիազորող նորմ սահմանելուն:
Գլխադասային՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Քննարկված հաջորդ նախաձեռնությամբ էլ առաջարկվում է հստակեցնել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:
««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Մասնավորապես, առաջարկվում է օրենքով նախատեսել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումների հիմնավորվածության բարձրացմանն ուղղված կարգավորումներ` օրենքով սահմանելով հանրության գերակա շահ ճանաչելու որոշումների կայացման մեթոդաբանությունը եւ կատարելագործել նշված որոշումների բովանդակությանն առաջադրվող պահանջները:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացված փոփոխությունների հիման վրա փաթեթը լրամշակվել է:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը հայտնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել: