Հայրը սպառնացել էր սպանել դստերը, առևանգել նրան․ օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Օտարերկրացի մի կին ահազանգել է, թե իր ընկերուհու հայրը եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։
Համայնքային ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով օպերատիվորեն պարզվել է ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը։
Համայնքային ոստիկան Կարեն Քարամյանի խոսքով՝ ահազանգը ստանալուն պես ոստիկանության ծառայողները մեկնել են առևտրի կենտրոն, որտեղ հանդիպել են երիտասարդ կնոջը։ Նա հաստատել է, որ հայրը սպառնացել է սպանել իրեն։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդն այդ պահին գտնվում է Երևանի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Ոստիկաններն անմիջապես մեկնել են տվյալ վայր։
Ոստիկանների տեղեկությունը ճիշտ էր։ Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում հայտնաբերվել, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Հաշվի առնելով նախկինում կատարված և բացահայտված նմանատիպ ողբերգական դեպքը, երբ ոստիկաններին չէին տեղեկացրել հետապնդումների մասին՝ արագ ահազանգման և օպերատիվ արձագանքման արդյունքում համայնքային ոստիկաններին հաջողվել է կանխել հետագա զարգացումները։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: