Խոշտանգման գործով երկրորդ դատավճիռը մտավ ուժի մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում խոշտանման գործով երկրորդ դատավճիռն օրինական ուժ է ստացել:
Վճռաբեկ դատարանն վարույթ չի ընդունել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին աշխատակից Արտուշ Միրաքյանի բողոքը:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը վճռել էր 7 տարվա ազատազրկման դատապարտել նրան: Վերջինս մեղավոր է ճանաչվել 2018 թվականին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արմեն Աղաջանյանին խոշտանգելու համար:
Դեպքից 4 ամիս անց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի լոգարանում կախված վիճակում հայտնաբերվել էր Արմեն Աղաջանյանը:
Հայաստանում այս գործով արդեն երկրորդ պաշտոնատար անձն է մեղավոր ճանաչվում խոշտանգման համար:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկ այլ աշխատակից Արմեն Հովհաննիսյանը կրում է իր պատիժը:
Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը իրավական տեսանկյունից ճիշտ որոշում է համարում բողոքը վարույթ չընդունելը.։
« Շատ կարեւոր է, որ խոշտանգման գործերը մեղադրական դատավճռով ավարտ ունենան»,- «Ա1+»-ին ասաց Արա Ղարագյոզյանը:
Արմեն Հովհաննիսյանը եւ Արտուշ Միրաքյանը մեղավոր են ճանաչվել Նուբարաշեն ՔՀԿ-ի ներսում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում Արմեն Աղաջանյանին խոշտանգելու համար՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: