Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կալանավորվել
A A
Քաղաքականություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախկին տնօրենը տեղափոխվել է կալանավայր

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն արդեն կալանավայրում է: Այս մասին «Ա1+ » -ին ասաց նրա պաշտպան Արթուր Գրիգորյանը: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել նրանց ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Ալեքսանդր Տեր- Հովակիմյանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման:

Վերջինս մեղավոր էր ճանաչվել հիմնադրամից 325 մլն 600 .000 դրամ գումարի յուրացման համար: 2018 թվականի մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Պաշտպան Արթուր Գրիգորյանը նշում է՝ այս գործը քաղաքացիաիրավական հարթությունում էր, ոչ թե քրեական: Պաշտպանը հիշեցնում է՝ հիմնադրամի տնօրենը առհաշիվ գումարներ է վերցրել ծանր հանգամանքների բերումով, քանի որ իր կինը հիվանդացել էր քաղցկեղով, որի բուժումը Հայաստանում անհնար էր:

Ըստ Արթուր Գրիգորյանի՝ արարքը ուղղակիորեն համապատասխանել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի դիսպոզիցիային: Չնայած դրան, Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման հոդվածով: Իսկ եթե արարքին բնորոշ հոդվածներով հարուցվեր քրեական գործը, ապա վաղեմության հիմքով կարճվելու էր:

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: