Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0420
A A
Պաշտոնական

Շվեյցարական SIGMA ծրագիրը կրկնօրինակելի լուծումներ է առաջարկում Հայաստանում գյուղատնտեսության զարգացման համար

2025 թ.-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 5.6% աճ` նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 51%-ը բաժին է ընկել բուսաբուծությանը, իսկ մոտ 49 %-ը՝ անասնապահությանը: Բուսաբուծության առաջատար ուղղություններն են եղել պտղի և հատապտղի, բանջարեղենի, ինչպես նաև կարտոֆիլի արտադրությունը՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով համապատասխանաբար մոտ 20%, 2% և 1.3% աճ:1 Ոլորտում հետագա կայունություն և ներառականություն ապահովելու համար կարևոր են մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ներդրումներն ու արդիական գիտելիքի փոխանցումը: Առանցքային խնդիրներից են գյուղատնտեսական գործունեության ցածր արտադրողականությունը, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարությունները, տեխնիկական և լոգիստիկ բարդությունները, շուկաների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև կլիմայակայուն գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ արդիական գիտելիքի և հմտությունների պակասը:

 

Այս խնդիրների լուծմանն է միտված «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը: Գործելով Տավուշի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ ծրագիրը ներառական, կլիմայակայուն և նորարարական մոտեցումներ է կիրառում գյուղական բնակավայրերում կայուն զարգացում խթանելու նպատակով: SIGMA-ի նպատակն է ապահովել ավելի բարձր եկամուտ և ստեղծել աշխատատեղեր փոքր գյուղացիական տնտեսությունների համար՝ առաջնահերթ կարևորելով սոցիալապես խոցելի խմբերի ներգրավվածությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: Աջակցելով այս նախաձեռնությանը՝ Շվեյցարիան խթանում է նորարարությունները գյուղական համայնքներում՝ բարելավելով շուկաների հասանելիությունը, բարձրացնելով եկամուտները և ամրապնդելով փոքր ֆերմերների դիմակայունությունը:

 

Ավելի քան 1000 փոքր գյուղացիական տնտեսություններ արդեն օգտվել են SIGMA ծրագրի շրջանակում ստեղծվող հնարավորություններից՝ ընդլայնելով արտադրության ծավալները և ավելացնելով եկամուտները: Ծրագիրը մասնավոր ընկերությունների հետ իրականացնում է համատեղ ներդրումային նախաձեռնություններ, որոնց շրջանակում գործարկվում են գյուղատնտեսական նոր կամ բարելավված ծառայություններ: SIGMA-ի աջակցությամբ արդեն մշակվել է մոտ 30 նմանատիպ ծառայություն՝ նպաստելով հացահատիկի, հատիկաընդեղենի, կարտոֆիլի, մրգերի և հատապտուղների, ինչպես նաև բանջարեղենի արտադրության ու մեղվաբուծության զարգացմանը:

 

Մեղվաբուծության զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններից է Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում ժամանակակից գիտակրթական հետազոտական կենտրոնի հիմնումը: Այն համապարփակ ծառայություններ է մատուցում հանրապետության տարբեր մարզերի մեղվաբույծներին՝ մայրաբուծությունից և մեղվաբուժությունից մինչև մեղվաբույծների վերապատրաստում և մեղվամթերքի առաջխաղացում:

 

«Մարգահովտի կենտրոնում ձեռք եմ բերել արժեքավոր գիտելիք ու հմտություններ մայրաբուծության, սեզոնային աշխատանքների իրականացման, մեղվանոցի ընդլայնման և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ: Ավելին, կենտրոնի շնորհիվ կարողացել եմ մեծացնել իմ մեղվաբուծական տնտեսությունը՝ ձեռք բելերով նոր մեղվաընտանիքներ: Կիրառելով ձեռք բերված գիտելիքը՝ այս տարի պատրաստվում եմ զբաղվել մայրաբուծությամբ, ինչը հնարավորություն կտա ավելի որակյալ մեղվաընտանիքներ ունենալ և ընդլայնել արտադրվող մեղվամթերքի տեսականին»,- նշում է կենտրոնի շահառու, մեղվաբույծ Գոհար Ղարիբյանը:

 

Հացահատիկային և հատիկաընդեղենի արտադրության բարելավման նպատակով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հիմնվել է եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցված սերմերի զտման և ախտահանման կենտրոն, իսկ Լոռու մարզի Ուռուտ գյուղում՝ ցորենի մթերման և ալյուրի արտադրամաս: Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրերում հիմնվել են մրգերի երկարատև

պահեստավորման ժամանակակից սառնարանային տնտեսություններ, որտեղ միայն 2025 թ.-ին մթերվել է ավելի քան 250 տոննա բերք: Լոռու մարզի Գյուլագարակ և Շիրակի մարզի Ախուրյան համայնքների ֆերմերներին հասանելի են դարձել ժամանակակից գյուղտեխնիկայի միջոցով մատուցվող բերքահավաքի ծառայություններ, որոնք զգալիորեն նվազեցնում են բերքի կորուստը և ավելացնում եկամտաբերությունը: 2026 թ.-ին իրականացվելիք ներդրումային ծրագրերի շրջանակում թիրախային մարզերում կհիմնվեն բանջարային մշակաբույսերի սածիլների արտադրություն, եգիպտացորենի հատիկի մթերման և չորացման արտադրամաս, պտուղների և հատապտղի շոկային սառեցման կենտրոն, ինչպես նաև պտղաատու ծառատեսակների սերտիֆիկացված տնկարան, որն իր տեսակով կլինի առաջինը հանրապետությունում:

 

Ակնկալվում է, որ մինչև SIGMA ծրագրի առաջին փուլի ավարտը՝ 2026 թ.-ի դեկտեմբերը, մոտ 3000 գյուղացիական տնտեսություններ կօգտվեն ծրագրի աջակցությամբ մատուցվող գյուղատնտեսական նոր ծառայություններից, ինչի արդյունքում նրանց գերակշիռ մասի մոտ կարձանագրվի եկամտի աճ: Նախատեսվում է, որ ստեղծված ծառայությունները կնպաստեն մոտ 500 աշխատատեղերի ստեղծմանը և աշխատանքային պայմանների էական բարելավմանը: Կանխատեսվում է, որ 2028 թ.-ին ծրագրի շահառուների թիվը կգերազանցի 5000-ը:

 

Գյուղական համայնքներում կայուն և հավասարաչափ զարգացում խթանելու նպատակով SIGMA-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս ներառականության ապահովմանը: Նախատեսվում է, որ ծրագրի շահառուների մոտ 30%-ը կլինեն կանայք, իսկ 25%-ը կներկայացնեն տարբեր խոցելի խմբեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ, հաշմանդամություն ունեցող անձիք և էթնիկ փոքրամասնություններ: 2025 թ.-ին կանայք կազմել են շահառուների ավելի քան 26%-ը, իսկ տարբեր խոցելի խմբեր ներկայացնող անձիք՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները՝ մոտ 30 %-ը:

 

Ներկայումս SIGMA ծրագիրը, իրականացնելով նախանշված նախաձեռնությունների մեծ մասը, կարևորում է դրանց տարածումն ու ընդլայնումը ինչպես թիրախային, այնպես էլ այլ մարզերում՝ նպաստելով գյուղական բնակավայրերում կայուն զարգացմանը: SIGMA-ն մտադիր է լայնորեն համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ տրամադրելով փորձագիտական և տեխնիկական աջակցություն գյուղատնտեսության թիրախային ենթաոլորտներում գործող ընկերություններին: Ծրագիրը պատրաստ է համագործակցել նաև այլ շահագրգիռ կողմերի հետ՝ հանրային հատվածի, պետական կառույցների, ինչպես նաև միջազգային, ֆինանսական և հասարակական կազմակերպությունների հետ:

 

SIGMA ծրագրի նախատեսված տևողությունը տասը տարի է: Ծրագրի առաջին փուլը կավարտվի 2026 թ.-ի դեկտեմբերին: Ակնկալվում է, որ դրան անմիջապես կհաջորդի երկրորդ փուլը՝ զարգացման ավելի մեծ հնարավորություններ առաջարկելով Հայաստանի գյուղացիական տնտեսություններին: Ծրագիրն իրականացվում է DAI Global UK (DAI) միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի և «AMPERA» խորհրդատվական ընկերության կողմից: