Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում (տեսանյութ)

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի ձմեռային նստաշրջանին: Կառույցում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդես է եկել ելույթով:

«Հարգելի՛ գործընկերներ,

Չնայած ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության միջավայրի վատթարացմանը եւ մասնակից պետությունների միջեւ աճող բեւեռացմանը՝ մենք պետք է նաեւ արձանագրենք, որ մեր տարածաշրջանում առկա են դրական զարգացումներ: Անցյալ տարի այս նույն դահլիճում նստած՝ մենք դժվար թե պատկերացնեինք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն այնքան առաջ կընթանա, որ կհասնենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության, որ կգտնենք գործնական լուծումներ նախկինում անլուծելի համարվող հարցերի առնչությամբ եւ կսկսենք քննարկել մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցեր:

Նման առաջընթացը հնարավոր չէր լինի առանց Միացյալ Նահանգների վարչակազմի կառուցողական ներգրավվածության՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերին աջակցելու առումով եւ «ԹՐԻՓՓ» նախաձեռնության՝ որպես տարածաշրջանային կապակցվածության ու երկարաժամկետ կայունության համապարփակ շրջանակի առաջմղում: «ԹՐԻՓՓ»-ը մեր տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հուսալի կամրջի վերածելու մասին է՝ նպաստելով համաշխարհային առեւտրին եւ տարանցիկ հոսքերին այն ժամանակ, երբ բազմազանեցված, անվտանգ եւ դիմակայուն ուղիներն առավել քան երբեւէ կարեւոր են:

Սա միայն սկիզբն է: Մենք համոզված ենք, որ եկել է պահը՝ առանց որեւէ նախապայմանի ստորագրելու եւ վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որն իրավականորեն կամրագրի խաղաղությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայմանը՝ ամրապնդելով երկարատեւ կայունությունը:

Միեւնույն ժամանակ, շարունակվում է սահմանազատման գործընթացը՝ վերահաստատելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Սա գործնական եւ նշանակալի քայլ է կայունության ու կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ:

Վերջապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը: Մենք այն դիտարկում ենք որպես կայուն, փոխկապակցված եւ բարգավաճ տարածաշրջան կառուցելու անբաժանելի մաս ու ակնկալում հետագա շոշափելի առաջընթաց:

Շնորհակալություն»,- ասել է Սարգիս Խանդանյանը: