Կառավարությունը կհաստատի Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիր մարմնի վաղվա նիստում կհաստատվի Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը:
Նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը եւ ռազմավարական նպատակները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը եւ կլաստերների ընդհանուր մոդելը եւ նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները, տարածքի զարգացման սկզբունքները անդրադարձ է կատարվում նաեւ ռիսկերի կառավարման եւ կայունության վերաբերյալ:
Նախագծում, որը ներկայացնելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,առանձին գլխով նկարագրվում է նաեւ տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարեն տաղանդների բացահայտման և զարգացմանը միտված աշխատանքները, որը կապահովի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հանրային ավելի արդյունավետ տեսանելիությունը եւ բովանդակային ընկալումը:
Ենթադրվում է, որ նախագծի ընդունմամբ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, իրականացման համար նախատեսվող տեղամասերը, ֆինանսավորման համար բյուջետային հատկացման ձեւերը, հստակ կսահմանվեն Հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին՝ ելնելով նախագծով սահմանված ժամանակացույցից։
Ի դեպ, «Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է ` հիմք ընդունելով ԱրԷսՅուՓի Րաբե Սթրաթիջիք Ուրբան Փլենինգ (RSUP) ընկերության կողմից մշակված քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի որոշ արդյունքներ։
Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաեւ բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն:
Հանրապետությունում ներկայումս գործում են պետական լիցենզիա ունեցող 60 բուհեր և բուհական կրթություն տրամադրող կազմակերպություններ, որոնցից 23-ը պետական, 25-ը` մասնավոր, 4 օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր, 4 միջպետական կամ պետության մասնակցությամբ բուհեր և 4 այլ տեսակի կազմակերպություններ: