Ինչպե՞ս կարելի է 65% ջրի կորուստ ունենալ ու մարդկանց ասել ջուր մի սպառեք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Վեոլիա ջուրը» հայտարարեց, որ մայիսից սկսած մինչեև սեպտեմբերի 16–ը Երևանի մեծ մասը օրական 7 ժամ ջուր չի ունենալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Նարեկ Կարապետյանը։
«Մեր հիմնական նպատակը մարդկանց կյանքի վրա ազդող փոփոխություններ բերելն է։ Այսօր Երևանում կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7-ը հազարավոր բնակիչներ ջուր չեն ունենալու, և սա պետական սխալ ռազմավարության արդյունք է»,– նշել է Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ պետության երեք հիմնական ենթակառուցվածքներն են ջուրը, գազը և էլեկտրականությունը, սակայն այսօր ջրամատակարարումը և էներգետիկ համակարգը գտնվում են ծանր վիճակում։ Կարապետյանը նշել է, որ վերջին ամիսներին էլեկտրաէներգիայի անջատումները աճել են, իսկ ջրի համակարգում կորուստները կազմում են 65%։ «100% մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է միայն 35%-ը»,– ընդգծել է նա։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում մեկ քաղաքացուն տարեկան բաժին է ընկնում 3200 խմ ջուր, ինչը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, իսկ տարեկան վերականգնվող ջրային պաշարները կազմում են շուրջ 5 միլիարդ խմ, մինչդեռ օգտագործվում է մոտ 170 միլիոն խմ։ «Չի կարող Հայաստանում ջրի խնդիր լինել։ Ջուր կա, կառավարում չկա»,– ասել է նա։
Նրա համոզմամբ՝ լուծումը կորուստների նվազեցումն է՝ ինչպես ժամանակին արվել է էներգետիկ ոլորտում, որտեղ կորուստները իջեցվել են մինչև 6%։ Կարապետյանը սա գնահատել է որպես կառավարության քաղաքականության ձախողման օրինակ՝ ընդգծելով, որ խնդիրը համակարգային ներդրումների բացակայությունն է։
Հայաստանում կա մոտ 800 հազար գրանցված աշխատող, որից շուրջ 600 հազարը մասնավոր, 200 հազարը՝ պետական հատվածում։ «Եթե 5 տարում ստեղծենք 300 հազար աշխատատեղ, դա կբերի միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարման, ինչը հնարավորություն կտա վերանայել սոցիալական վճարները և ապահովել բազային նվազագույն զամբյուղը»,– փետրվարի 25-ին լրագրողների հետ զրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե իրենց իշխանության դեպքում որքան կլինի նվազագույն կենսաթոշակը։
Նրա խոսքով՝ մարդը պետք է կարողանա իր թոշակով վճարել սննդի, էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը։
Անդրադառնալով ուսանողների ուսման վարձերի շուրջ հակակոռուպցիոն կոմիտեի ուսումնասիրություններին՝ Կարապետյանն ասել է, որ «Տաշիր» բարեգործականը տասնամյակներ շարունակ զբաղվել է բարեգործությամբ և իրենք մտահոգություն չունեն։
Հարցին՝ մինչև Սահմանադրության հնարավոր փոփոխությունը ով կլինի վարչապետի թեկնածուն, նա հստակ պատասխան չի տվել։
Կարապետյանը նաև նշել է, որ թոշակների բարձրացումը իշխանության և ընդդիմության կողմից վտանգի զգացողության արդյունք էր՝ ընդգծելով, որ բյուջեում նման ծրագիր նախատեսված չէր։ «Մենք սա համարում ենք հաղթանակ»,– ասել է նա։
Հարցին՝ արդյոք սա ընտրակաշառք չէ, նա պատասխանել է, որ կարևոր է մարդկանց համար դրական արդյունքը՝ ընդգծելով, որ ընտրությունից ընտրություն բարձրացնելը լուծում չէ և անհրաժեշտ է ակտիվ տնտեսական քաղաքականություն։
Դիտարկմանը, որ նվազագույն կենսաթոշակը 2018-ին եղել է 16 հազար դրամ, իսկ այժմ՝ 36 հազար, որը բարձրանում է ևս 10 հազարով, Կարապետյանը նշել է, որ 2021-ին հայտարարված միջին 60 հազար դրամ կենսաթոշակը չի ապահովվել։ Նա նաև առաջարկել է վերանայել պարգևավճարները նվազման, իսկ թոշակները՝ ավելացման ուղղությամբ։