A
A
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 23-ին Գյումրիի Մուշ-2 թաղամասի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, հոգեմետ դեղահաբեր, թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ և ծալովի դանակ:
Գյումրիի բնակիչ երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Շիրակի մարզի քրեական ոստիկանները նույն օրը բացահայտել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության ևս մեկ դեպք:
Վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Հառիճ գյուղի 44-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում և օգտագործում: Նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տանը մարիխուանա տեսակի թմրամիջոց ունի:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու՝ Հառիճում գտնվող տանը կից տաղավարում հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 169 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով:
44-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն: