Սեր, ընտանիք և վեց ցանկություն․ «Կրկին փորձիր»-ը մեծ էկրանին
Աջակցիր «Ա1+»-ինՎեց ցանկություն հանուն սիրո, մի քանի սխալ ընտրություն և փորձ՝ ամեն ինչ նորից սկսելու։
«Կրկին փորձիր» կինոկատակերգության պատմությունը հենց այս մասին է։
Ֆիլմի մի երիտասարդի մասին է,, ով հանուն սիրո վաճառում է իր հոգին՝ վեց ցանկության դիմաց։ Սակայն ստացած հնարավորությունները նրան տանում են ոչ միայն զվարճալի, այլև անսպասելի իրավիճակների միջով՝ ստիպելով վերանայել իր ընտրություններն ու առաջնահերթությունները։
Գլխավոր դերակատարներից Գարիկ Պապոյանը նշում է, որ նախագիծը երկար ճանապարհ է անցել մինչև էկրան հասնելը։ Նրա խոսքով՝ դժվար է նույնիսկ հիշել այն կոնկրետ պահը, երբ ֆիլմի գաղափարը ձևավորվեց, քանի որ ինքը գործընթացում եղել է ամենասկզբից։
«Անցյալ տարի այս ժամանակ քննարկում էինք՝ ինչ պիտի անենք։ Բայց ես չեմ հիշում իմ կյանքում հենց այն կոնկրետ պահը, որ սկսվեցին ֆիլմի մասին մտքերը, որովհետև ամենասկզբից ֆիլմում եղել եմ»,- ասում է նա։
Ռեժիսորներից Արման Սարգսյանի խոսքով՝ հաճախ այն, ինչ մարդիկ փնտրում են հեռվում, իրականում իրենց կողքին է, պարզապես պետք է կարողանալ գնահատել ունեցածը։
Ֆիլմը հատուկ նշանակություն ունի նաև Սոնա Մաթևոսյանի համար։ Սա նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է, և դերասանուհին չի թաքցնում հուզմունքը՝ նշելով, որ հատկապես կարևոր էր նման կազմի հետ աշխատելը։
«Շատ հուզված եմ, երևի հենց նրա համար, որ իմ առաջին ֆիլմն էր։ Բայց շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այս կազմի հետ էր»,- ասում է դերասանուհին։
Ֆիլմում նկարահանվել են նաև Լուիզա Ներսիսյանը, Արմուշը և Մարիաննա Վարդանյանը։ Ռեժիսորներն են Արման Սարգսյանն ու Գրիգոր Գասպարյանը։
Ստեղծագործական թիմը հույս ունի, որ հանդիսատեսը ֆիլմում կտեսնի ոչ միայն հումոր ու ֆանտաստիկա, այլ նաև պատմություն հարաբերությունների, ընտրության և սիրո մասին։
«Մեզ համար շատ կարևոր է, որ ֆիլմում ընկալելի լինեն այն արժեքները, որոնք իսկապես ցանկացել ենք ցուցադրել ու կարևորել։ Բայց մեր հիմնական նպատակն է, որ հանդիսատեսը զվարճանա և հավանի ֆիլմը նաև հումորի տեսանկյունից»,- հավելում է Արման Սարգսյանը։
Ֆիլմն այսօրվանից կցուցադրվի Երևանի և Հայաստանի այլ քաղաքների կինոթատրոններում։