Սահմանվելու է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 2-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր:
«Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին համապարփակ օրենսդրություն չկա: Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես նաեւ ամրագրել անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները եւ հետախուզման դադարեցման դեպքերը: Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սահմանվելու է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ: Նպատակն է բացառել «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հանգամանքներում եւ պայմաններում անհայտ կորած անձանց մասին» օրենքի եւ գործող մի շարք օրենքների դրույթների միջեւ հնարավոր հակասությունները:
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Առաջին ընթերցումից հետո տեխնիկական փոփոխություններ են առաջարկվել: Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվել է սահմանել տվյալ տեխնիկական փոփոխության իրականացման ավարտի պահը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները:
Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել: Կառավարության նախաձեռնությամբ որեւէ փոփոխություն չի իրականացվել:
Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։