Երվանդ Զախարյանը ստացե՞լ է 950.000 ԱՄՆ դոլար փոխառություն
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը Էդուարդ Շահինյանից 1996թ. փոխառությամբ ստացե՞լ է 950,000 ԱՄՆ դոլար։
Այս փաստը հաստատելու համար Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը որոշել է նշանակել ձեռագրաբանական եւ փաստաթղթաբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է «Հայաստանի հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Փորձագետների պարզաբանմանը դատարանն առաջադրել հետեւյալ հարցերը.
1․ Ինչ վաղեմություն ունեն (երբ են կատարվել) Երվանդ Զախարյանի 1996 թվականի հուլիսի 10-ի տարեթիվը կրող ստացականի ձեռագիր գրառումները, այդ թվում՝ ստորագրությունները:
2․ Արդյոք ստորագրությունները կատարված են Երվանդ Զախարյանի եւ Էդուարդ Շահինյանի կողմից:
3․ Փաստաթուղթը կազմվել է արդյոք կազմման ամսաթվին 1996 թվականին, թե՝ ոչ։
4. Ի՞նչ վաղեմություն ունի թուղթը, որի վրա կատարված են գրառումները։
Այս միջնորդությունը դատարան է ներկայացրել Երվանդ Զախարյանի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը: Քանի որ հայցվոր կողմը կասկածի տակ է դրել այդ ստացականի իսկությունը:
Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Ավելի քան 2 մլրդ դրամի գույք, այդ թվում Չեխիայում եւ 2 մլրդ 400 մլն դրամ. Սա Գլխավոր դատախազության պահանջն է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից:
Գործի քննությունը դատարանը որոշել է կասեցնել, մինչեւ մինչեւ նշանակված փորձաքննության կատարման ավարտը: Ի դեպ, գործին մասնակցող անձինք կարող են ներկա լինել փորձաքննությանը: Իսկ փորձաքննության կատարման ծախսերը դրվում են պատասխանողներ Երվանդ Զախարյանի, Զինա Զախարյանի եւ Արտակ Զախարյանի վրա։