Պետք է Ռոբերտ Քոչարյանին ու իրենց խմբակցության ղեկավարին դիմել, թե ինչու 4 ամիս տևեց․ Ա․Մկրտչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ռոբերտ Քոչարյանն իր վարքագծով ցույց է տալիս, որ ցանկություն չունի կամ վախենում է պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև նա ընդունակ է ամեն ինչի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու թեմային։
Պատգամավորը հիշում է, որ անցած տարի, երբ իրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությամբ հանդես եկան, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ընդամենը 4 ամիս հետո միացան իրենց։
Ճիշտ է, հերթական խորհրդարանական ընտրություններին ընդամենը 3 ամիս է մնացել, բայց պատգամավորը չի ընդունում, որ իրենց այդ նախաձեռնությունը նպատակին չի հասել, և նախաձեռնությունը դեռ ԱԺ չի մուտքագրվել։ Ասում է՝ դեռ ժամանակ կա։
Աննա Մկրտչյանը նաև հիշում է, որ պատգամավոր եղած 4 տարիների ընթացքում ինքը գեթ մեկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, գործուղումների չի մեկնել և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ որևէ հանդիպման չի գնացել։ Եվ դա եղել է գիտակցված ընտրություն։
«Ինձ համար այս Ազգային ժողովը մեկ նպատակ է ունեցել՝ ծառայել որպես երաշխավորված ձայն Նիկոլին հեռացնելու համար։ Ցավում եմ, որ 4 տարի այնտեղ եմ եղել, և այդ հնարավորությունը չենք կարողացել իրացնել»,- հավելում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։