Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որ ֆայմ ունենայիք, դուրս չէիք գա էստեղ․ Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով ընդդիմադիր ելույթներին, հայտարարեց, որ կոռուպցիայի թեման բարձրացնելիս նախկին իշխանությունների ներկայացուցիչները հաճախ խուսափում են քննարկումներից։ Նրա խոսքով՝ դա «ֆայմի հարց է», քանի որ հակառակ դեպքում կարող են ավելի շատ բարձրաձայնվել նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը։

«Երեկվանից քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաղորդումը, ու ինչպես ասացի՝ կոռուպցիա բառը լսելիս նախկին իշխանության մի ներկայացուցիչ խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը, ծակ է ման եկել ու չի եկել, ու դա ֆայմի հարց է, որ ավելի չգրգռեք մեր ցանկությունը, որ ավելի ինտուզիազմով ասենք՝ ինչ ենք գռփել ՀՀ քաղաքացուց»,– ասաց նա։

Պատգամավորը քննադատեց  դաշնակցականներին.

«135 տարի եք ասում, 135 տարին բերեցիք Ռոբերտ Քոչարյան-ի ոտքերի տակ մատաղ արեցիք, դրա մասին մտածեք դաշնակցականներով»։

«Որ ֆայմ ունենայիք, չէիք գա էստեղ թոշակի բարձրացումից խոսեիք։ 16 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացիով թողել հեռացել եք, հիմա դարձել է 46 հազար դրամ, որի վրա ավելացել է այն, որ մեր կենսաթոշակառուները ստանում են անվճար դեղեր, օգտվում են տարբեր բժշկական ծառայություններից։ Ճիշտ չի գալ էստեղ խոսել ձեր բարեփոխումներից»,- շարունակեց նա

Նա պնդեց, որ Հայաստանում նախկինում գոյություն է ունեցել կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգ, որտեղ տարբեր ոլորտներում առաջխաղացումը պայմանավորված է եղել քաղաքական կապերով։

«Բոլորը 100 %-ով գիտեն, որ ՀՀ-ում կոռուպցիոն-օլիգարխիկ իշխանություն է եղել, որովհետև բիզնեսի առաջխաղացումը կախված էր բացառապես քաղաքական կապերից։ Բանակից ազատումն իր գինն ուներ, համալսարան ընդունվելն իր գինն ուներ, պռավա ստանալն իր գինն ուներ, ու ՀՀ քաղաքացին այդ Հայաստանում ապրել ու առնչվել է այդ ամենի հետ»,– ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանության ներկայացուցիչներին ուղղված մեղադրանքներին՝ Հակոբյանը նշեց, որ իրենք նույնպես վարկեր ունեն, սակայն չեն ունեցել նախկինների «միլիոնները»։

«Ես չգիտեմ մարդ, որ չունի վարկ ու հիպոտեկ։ Այո, մենք էլ ունենք վարկեր, մենք չունենք ձեր միլիոնները, մեր հայրերը չեն գողացել, մենք չենք գողանում ու չենք գողանալու, ու որևէ մեկը չի անիծի մեր երեխաներին, ու մենք էլ ձեզ պես չենք վախենա բանտ ընկնելուց»։

Պատգամավորը նաև թվեր ներկայացրեց՝ նշելով, որ ներկայում քննարկվող գործերով պահանջվում է վերադարձնել մեծ ծավալի գույք։

«1568 անշարժ գույքի պահանջ կա, 356 շարժական գույքի։ Էս ամեն մեկը որ նայում ենք՝ ինչքան ջրամբարներ կունենայինք, թունելներ էլ կունենայինք, կամուրջներ ու ատոմակայան էլ կունենայինք, եթե չլափեիք, չգողանայիք»։

Հակոբյանը պնդեց նաև, որ միայն Երևանում նախկինում «կերել են» 70 մանկապարտեզ։

«Միայն Երևանում 70 մանկապարտեզ եք կերել, էլ չեմ ասում։ Որ մեկի տակ փորում ենք՝ միլիարդներ ու դղյակներ են դուրս գալիս։ Այո, այս օլիգարխիկ ու կոռուպցիոն իշխանությունները փորձելու են Գյումրու սցենար ցույց տալ։ Չի ստացվելու»,– ասաց նա՝ հավելելով. «Մենք ձեր պես չենք կեղծելու ընտրությունները»։